Այսօր՝ մայիսի 14-ին, Երևանում հերթական «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայի թալանման դեպք է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 08:30-ի սահմաններում Նոր Նորք վարչական շրջանի Մառի փողոցի 4-րդ շենքի բնակիչը առավոտյան աշխատանքի գնալիս նկատել է, որ շենքի բակում իր կողմից կայանված «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայի վրայից անհայտ անձը կամ անձինք գողացել են թափարգելը, լուսարձակները և այլ դետալներ:
Քաղաքացին դեպքի մասին ահազանգել է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը:
Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին:
Այս պահին դեպքի վայր է ժամանել քննիչը, ով կատարում է զննություն, դեպքի փաստով էլ քննչական բաժնում «անձնական ունեցվածքի գողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նախնական տվյալներով, թալանել են արցախցուն պատկանող ավտոմեքենան: