Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Կանաչ, կայուն և շրջանաձև տնտեսության զարգացման շրջանակային ռազմավարության նախագիծը և դրանից բխող գործողությունների ծրագիրը:
Ներկայացվել են մանրամասներ ռազմավարության նախագծի մշակման իրավական շրջանակի, հիմնական ոլորտային ուղղությունների, ռազմավարության իրականացման թիրախների, ընդհանուր և ոլորտային նպատակների, գործողությունների ու ակնկալվող արդյունքների վերաբերյալ: Ընդգծվել է, որ նախատեսվում են միջոցառումներ իրականացնել էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, քաղաքաշինության, արտադրության, արդյունաբերության, սպասարկման և այլ ուղղություններով:
Ակնկալվում է, որ ռազմավարությունը կնպաստի տնտեսության կայուն զարգացմանը, բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը, տնտեսության ռեսուրսախնայող ոլորտների կշռի ավելացմանը, կանաչ աշխատատեղերի թվի ավելացմանը, կանաչ հանրային ներդրումների և մասնավոր ներդրումների խրախուսմանը, արտադրողականության ու մրցունակության բարձրացմանը և այլն: Ընդհանուր նպատակների և գործողությունների շրջանակում նշվել է տաքսոնոմիայի՝ կանաչ, անցումային և նպաստող ծրագրերի ու միջոցառումների դասակարգման համակարգի և կանաչ տնտեսությանն անցման մշտադիտարկման և գնահատման (չափման) մեխանիզմների ներդրումը:
Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել նախագծով առաջարկվող ուղենիշների ու առաջնահերթությունների վերաբերյալ:
Քննարկման առարկա են եղել նաև էլեկտրական տրանսպորտային միջոցների կիրառությունը խրախուսող միջոցառումները, ներկայացվել են մանրամասներ միջնաժամկետ կարգավորումների շրջանակի վերաբերյալ:
Ամփոփելով քննարկումները՝ վարչապետը կարևորել է, որ միջոցառումները լինեն թիրախային, նպաստեն ոլորտում իրականացվող քաղաքականությանը և հանձնարարականներ տվել հետագա անելիքների վերաբերյալ: