Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի անդամներ Դարել Իսսան և Գաս Բիլիրակիսը ներկայացրել են «Կովկասում լարվածության կանխարգելման և փոխգործակցության առաջխաղացման մասին» (Preventing Escalation and Advancing Caucasus Engagement Act – PEACE Act, H.R.5632) օրինագիծը, որով առաջարկվում է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ Հայաստանի դեմ նոր ագրեսիայի դեպքում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օրինագիծն աջակցություն է հայտնում Հայաստանի ինքնիշխանությանը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խաղաղության նախաձեռնություններին:
Առաջարկվող սանկցիաները ներառում են ադրբեջանական պաշտոնյաների ակտիվների սառեցում, վիզաների արգելք և ֆինանսական սահմանափակումներ այն օտարերկրյա բանկերի համար, որոնք գործարքներ են կատարում ադրբեջանական նավթի առևտուրը հեշտացնող ֆինանսական հաստատությունների հետ:
Օրինագիծը նախատեսում է բացառություններ մարդասիրական օգնության և հիմնական ապրանքների համար և կգործի 7 տարի:
Օրինագիծը ներկայացվել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում 2025 թվականի սեպտեմբերի 30-ին և նույն օրը ուղարկվել է երեք Արտաքին հարաբերությունների, Արդարադատության և Ֆինանսական ծառայությունների հանձնաժողովներ: Օրինագիծը գտնվում է օրենսդրական գործընթացի սկզբնական փուլում և դեռ չի քննարկվել կոմիտեներում: Այն պետք է հաստատվի յուրաքանչյուր կոմիտեի կողմից, ապա անցնի Ներկայացուցիչների պալատի և Սենատի քվեարկությունները՝ նախքան ԱՄՆ նախագահի ստորագրությանը ներկայացվելը: