ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է Վենեսուելայի հետ դիվանագիտական համաձայնության հասնելու ջանքերից և հանձնարարել է իր հատուկ դեսպանորդ Ռիչարդ Գրենելին դադարեցնել բոլոր շփումները:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ անանուն բարձրաստիճան պաշտոնյային։
Նորությունը, որն առաջին անգամ հաղորդել է New York Times-ը, հաջորդել է Վենեսուելայի ափերի մոտ թմրանյութերի մաքսանենգությամբ զբաղվող նավերին ռազմական հարվածների շարքին։
Թրամփը Կոնգրեսին հայտարարել է, որ ԱՄՆ-ն ներգրավված է ոչ միջազգային զինված հակամարտության մեջ, ընդդեմ՝ թմրամիջոցների կարտելների։
Թեև Թրամփը, ըստ լուրերի, քննարկում է հարավամերիկյան երկրի տարածքում հարվածներ հասցնելը, այդուհանդերձ, ԱՄՆ պաշտոնյան ասել է, որ նախագահը դեռ չի որոշել, իր ռազմական արշավը երկրորդ փուլ տեղափոխել, թե ոչ։
Հոկտեմբերի 5-ին Թրամփը ամերիկացի զինվորականներին ասել է, որ Վենեսուելայի ափերի մոտ գտնվող նավերին իրենց հարվածները դադարեցրել են թմրանյութերի հոսքը ծովով, և այժմ ԱՄՆ-ն պետք է սկսի վերահսկել իրավիճակը ցամաքում։ ԱՄՆ-ի և Վենեսուելայի միջև լարվածությունը սրվել է հունվարին՝ Սպիտակ տուն Թրամփի վերադարձից հետո։
Օգոստոսին Վաշինգտոնը կրկնապատկել է Մադուրոյի ձերբակալությանը հանգեցնող տեղեկատվության համար նախատեսված պարգևը՝ հասցնելով այն 50 միլիոն դոլարի՝ մեղադրելով նրան թմրանյութերի ապօրինի շրջանառության և հանցավոր խմբավորումների հետ կապերի մեջ, ինչը Մադուրոն հերքում է։