Հանրային հեռուստաընկերության շրջանակներում շարունակվում է «Երկու աստղ» ամենավարկանիշային հեռուստանախագիծը, որի շրջանակներում ժյուրիի և հեռուստադիտողի ֆավորիտ զույգերից են Արմուշն ու Մաշա Մնջոյանը:
«Բոլոր զույգերն էլ հետաքրքիր ու տաղանդավոր են, բայց չեմ թաքցնի, որ խոսակցություններ կան, որ մենք ևս ֆավորիտ զույգերից ենք:
Ինչպես նախագծի ձևաչափն է պահանջում, մեզնից մեկը երգիչ է, մյուսը՝ չերգիչ: Մենք այս ձևաչափում ավելի ճիշտ ներկայանալու զույգն ենք:
Ես ու Մաշան կարողանում ենք հաջողություն գրանցել, քանի որ տեղերով փոխվել ենք, ինքը մտել է իմ աշխարհ, ես՝ իր աշխարհ: Դրանով հետաքրքրություն ենք առաջացրել հանդիսատեսի մոտ, սիրվել ենք:
Բացի այդ, լուրջ ու ջանասիրաբար ենք մոտենում, ամեն համարից առաջ լուրջ նախապատրաստվում ենք»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց Արմուշը:
Արմուշի խոսքով՝ որքան էլ ժանրը հումորով լինի, ելույթին լրջորեն են մոտենում:
«Կարծում եմ դա է պատճառը, որ սիրվել ենք»,- անկեղծացավ նա:
Խոսելով ժյուրիին ու անգամ մտերիմներին զարմացրած՝ իր ձայնային տվյալների ու երգելու կարողության մասին, Արմուշը ընդգծեց, որ դրանում իրեն շատ օգնել են КВН-ի տարիները:
«Դա ամեն ինչի սինթեզ է, որտեղ կա և՛ երգ, և՛ պար, և՛ հումոր, դերասանի վարպետություն ու բեմական խոսք: Ես բավական երկար ճանապարհ եմ անցել Ուրախների և հնարամիտների ակումբում, թե՛ Հայստանում, թե՛ դրա սահմաններից դուրս:
Բացի այդ, ARDINI STUDIA-ն մեծ դեր է ունեցել իմ՝ տարբեր ճյուղերում կայանալու մեջ, երբ մեզ էր վստահված լայն արձագանք ունեցած աուդիոնախագիծ, որը կոչվում էր «Ծո FM»: Հումորային նախագիծ էր, այն ժամանակ CD-ներով էինք թողարկում, հումորային երգն անպակաս էր»,- վերհիշեց Արմուշը:
Նա նշեց, որ նախագծում հանդես գալն իր համար ևս հետաքրքիր ու պարտավորեցնող է, քանի որ նոր բացահայտումներ է անում ինքն իր մասին:
«Այն, ինչ դիմացինդ կարողանում է անել, դու էլ կարող ես անել, ուղղակի պետք է բացահայտել այդ ամենը»,- վստահ է նա:
Արմուշն անդրադառնալով այս շաբաթվա՝ բուռն արձագանք ստացած ելույթին՝ «Սեր ու կարոտ» երգին, նշեց, որ լատինո պարի գաղափարն իրենն էր:
«Ես այդ ժանրը շատ եմ սիրում, ինձ և՛ ուրախացնում են այդ շարժումները, և՛ շատ լուրջ եմ վերաբերվում պարային այդ ոճին: Իրականում շատ կիրք կա այդ պարի մեջ, ի սկզբանե իմ մեջ որոշել էի, որ մի օր անելու եմ դա ու ստացվեց:
Գաղափարը քննարկեցինք ռեժիսոր Նաիրեի հետ, ու պարի մասնագետի հետ համագործակցելով շատ հետաքրքիր լուծումներ ստացանք:
Մաշայի հումորի զգացումն էլ օգնեց, այստեղ ավելի շատ շեշտադրել էինք պարը»,- նշեց Արմուշն ու ամփոփեց, որ այս շաբաթ ևս անակնակալ ու հետաքրքիր ելույթ է սպասվում, չակերտները չցանկացավ բացել:
Իսկ, թե ով կհաղթի «Երկու աստղ» նախագծում, դժվարացավ կանխատեսել:
Հիշեցնենք՝ մինչ նախագծի մասնակիցներն ու ողջ ստեղծագործական թիմը լարված ու հուզված պատրաստվում են առաջին ելույթներին, Tert.am Life-ի տեսախցիկը ֆիքսել է ետնաբեմի թեժ իրարանցումը: