Foto

Չինաստանը «արհեստական անձրևներ» է ստեղծում չոր շրջաններում

Չինաստանը խստացրել է եղանակի փոփոխման միջոցառումները՝ նպատակ ունենալով ավելացնել տեղումները երկրի հյուսիսային՝ երաշտով տուժած շրջաններում, որտեղ դեռ շարունակվում է ցորենի բերքահավաքը։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը մայիսի 30-ին։


Չինաստանի Մետեորոլոգիական վարչության (CMA) տվյալներով՝ նախորդ շաբաթ Չինաստանի հացահատիկային գոտում երկար սպասված անձրևներից հետո, իշխանությունները համակարգել են գործողությունները՝ տեղումների ավելացման համար։

Միջոցառումները իրականացնում են հատկապես ներքին Մոնղոլիայում, Շենսիում և Շանսիում։

Եղանակի մոդիֆիկացիայի մեթոդներից մեկն ամպերի «սերմնավորումն» է՝ հատուկ քիմիական նյութերով, ինչը կարող է իրականացվել թե՛ հողից, թե՛ ինքնաթիռների կամ դրոնների միջոցով։ Այս տեխնոլոգիայի նպատակն է ուժեղացնել անձրևներն ու ձյան տեղումները, ինչպես նաև նվազեցնել կարկուտի վտանգը։

Չինաստանը հայտարարում է, որ ունի աշխարհում ամենախոշոր եղանակի մոդիֆիկացիայի ծրագիրը, և վերջին տարիներին ավելացնում է ներդրումներն այս ոլորտում՝ կապված կլիմայի փոփոխությունների արդյունքում աճող սննդի անվտանգության ռիսկերի հետ։

«Սինհուա» պետական գործակալության հաղորդմամբ՝ 2025 թվականին արհեստական տեղումների գեներացման գետնային գործողությունների ծավալը աճել է 20%-ով՝ 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Թեև կոնկրետ տվյալներ չեն ներկայացվել, նշվում է, որ տեղումների քանակը մոտավորապես մեկ երրորդով ավելացել է։

CMA-ի տվյալներով՝ միայն մեկ շաբաթվա ընթացքում ամպերի սերմնավորման միջոցով հնարավոր է եղել ստանալ լրացուցիչ մոտ 500 միլիոն խորանարդ մետր տեղումներ։

Բացի արդեն նշված տարածաշրջաններից, տեխնոլոգիան կիրառվում է նաև Նինսիայում և Գանսուում։

«Եղանակի մոդիֆիկացիայի տեխնոլոգիան կարևոր դեր ունի Չինաստանի՝ որպես մետեորոլոգիական գերտերություն ձեւավորվելու ճանապարհին», այս շաբաթ հայտարարել է Եղանակի փոփոխման կենտրոնի տնօրեն Լի Ցզիմինը։

Աղբյուրը՝ tert.am