Foto

Իրանում ռեժիմի փոփոխությունը կարող է «շրջափակման» ռիսկեր ստեղծել Թուրքիայի համար

Թուրքական «Yeni Şafak» թերթի սյունակագիր Սուլեյման Սեյֆի Օղյունը անդրադարձել է Իրանի շուրջ սրվող լարվածությանը և փորձել է գնահատել՝ ինչ հետևանքներ կարող է ունենալ Թուրքիայի համար Իրանում հնարավոր ռեժիմի փոփոխությունը։

Հեղինակը ներկայացնում է երկու սցենար, որոնցից առաջինը ենթադրում է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը կարճ ժամանակում ծանր հարվածներով կաթվածահար կանեն Իրանը, ինչին կարող են զուգակցվել ներքին ապստամբությունները։ Նրա գնահատմամբ՝ նման զարգացումների դեպքում Թեհրանում կարող է ձևավորվել ԱՄՆ-ին և Իսրայելին մոտ իշխանություն։ Օղյունը գրում է, որ այդպիսի սցենարը կարող է «ծանր հետևանքներ» ունենալ Անկարայի համար՝ ստեղծելով Թուրքիայի «արևելքից շրջափակման» պատկեր։

Հեղինակը ուշադրություն է հրավիրում նաև Հարավային Կովկասի վրա՝ նշելով, որ եթե Իրանը թուլանա, տարածաշրջանում Իսրայելի և Հնդկաստանի ներկայությունը կարող է ուժեղանալ։ Նրա կարծիքով՝ դա կարող է փոխել տարածաշրջանային ուժերի բալանսը և նոր ճնշումներ առաջացնել Թուրքիայի համար։

Օղյունը անդրադառնում է նաև Սիրիայի գործոնին՝ պնդելով, որ ԱՄՆ-ի քայլերը կարող են հանգեցնել նրան, որ Անկարան և Թել Ավիվը հայտնվեն ավելի ուղիղ մրցակցության պայմաններում։ Նա չի բացառում, որ Իրանի շուրջ լայնածավալ պատերազմը կարող է վերաճել տարածաշրջանային բախման՝ ընդգրկելով տարբեր դերակատարների։

Հոդվածում նշվում է նաև հնարավոր սոցիալ-տնտեսական հետևանքների մասին՝ փախստականների հոսք, նավթի գների աճ և գազի մատակարարման խնդիրներ։ Բացի այդ, հեղինակը ենթադրում է, որ արտաքին դերակատարները կարող են փորձել ակտիվացնել Իրանի ներսում տարբեր էթնիկ և քաղաքական գործոնները։

Նյութը արտացոլում է թուրքական պահպանողական շրջանակներում առկա մտահոգությունները՝ Իրանում հնարավոր փոփոխությունների և դրանց տարածաշրջանային ազդեցության վերաբերյալ։

 Ermenihaber