Իրանը և Միացյալ Նահանգները գործնական նախաձեռնություններ են ներկայացրել պատժամիջոցների և միջուկային խնդրի վերաբերյալ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային Իրանի պետական հեռուստատեսության եթերում։
«Կարող եմ միայն ասել, որ կարևոր առաջարկներ և գործնական նախաձեռնություններ են ներկայացվել ինչպես միջուկային հարցի, այնպես էլ պատժամիջոցների վերացման վերաբերյալ։ Երկու կողմերն էլ լուրջ են վերաբերվել քննարկումներին», – նշել է Բաղային։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ժնևում փետրվարի 26-ին մեկնարկել է իրանական միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հերթական փուլը։
Բանակցություններում ամերիկյան կողմը ներկայացնում են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը և Թրամփի քաղաքական խորհրդական Ջարեդ Քուշները։ Իրանի պատվիրակությունը գլխավորում է ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։
Ինչպես հաղորդել է IRNA գործակալությունը, հղում անելով աղբյուրներին, իրանական պատվիրակությունն օմանցի միջնորդների միջոցով ԱՄՆ-ի բանագնացներին փոխանցել է միջուկային խնդրի կարգավորման առաջարկներ։ Գործակալության տվյալներով՝ Օմանի արտգործնախարար Բադր ալ Բուսաիդին առաջարկները փոխանցել է ամերիկացիներին։ Առաջարկների բովանդակության մասին մանրամասներ չեն ներկայացվում։
Իրանի ԱԳՆ խոսնակը հայտնել էր, որ բանակցություններին կարող է մասնակցել նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տնօրեն Ռաֆայել Գրոսին։









