Ներդրումներ, առևտուր, տրանսպորտ և լոգիստիկա, զբոսաշրջություն, գյուղատնտեսություն, էներգետիկա, կապ՝ սրանք այն հարցերն են, որոնք, ըստ էկոնոմիկայի նախարարության, Մարիամ Քվրիվիշվիլին քննարկել է իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ։
Մարիամ Քվրիվիշվիլիի և Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքաել Ջաբարովի հանդիպումը տեղի է ունեցել Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ գործարար համաժողովի շրջանակներում։
«Հանդիպման ժամանակ ընդգծվել է Վրաստանի կարևոր դերը տարածաշրջանում խաղաղության և կապի ամրապնդման գործում։ Նշվել է, որ եռակողմ համաժողովն անցկացվում է 2012 թվականից և տարիների ընթացքում ձևավորվել է որպես եռակողմ տնտեսական համագործակցության արդյունավետ հարթակ։ Հանդիպման ընթացքում նաև անդրադարձ է եղել երկրների միջև նավթի և գազի փոխադրման ոլորտում համագործակցությանը։
Ընդգծվել է նաև երկու երկրների արդյունավետ համագործակցությունը Հարավային գազային միջանցքի շրջանակներում, որի միջոցով ադրբեջանական բնական գազը Վրաստանի տարածքով տարանցվում է դեպի թուրքական և եվրոպական շուկաներ», — ասված է էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության մեջ։
Հանդիպմանը մասնակցել են էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարարներ Գենադի Արվելաձեն, Թամար Իոսելիանին, Իրակլի Նադարեիշվիլին և Ադրբեջանի Հանրապետությունում Վրաստանի դեսպան Զուրաբ Պատարաձեն։









