Միացյալ Նահանգները և Մեքսիկան համաձայնության են եկել ուժեղացնել համատեղ պայքարը թմրանյութերի մաքսանենգության և դրանում ներգրավված կազմակերպված հանցավոր խմբավորումների դեմ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է Պետքարտուղարության կայքում։
Ըստ հաղորդագրության՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Մեքսիկայի արտաքին գործերի նախարար Խուան Ռամոն դե լա Ֆուենտեի հետ՝ հասցեագրելու երկու երկրների առջև ծառացած անվտանգային մարտահրավերները։
«Նախարարները վերահաստատել են ԱՄՆ-Մեքսիկա գործընկերության կարևորությունը՝ հիմնված ինքնիշխանության փոխադարձ հարգանքի վրա, միևնույն ժամանակ ընդունելով, որ ավելի շատ բան պետք է արվի ընդհանուր սպառնալիքներին դիմակայելու ուղղությամբ», - նշված է հաղորդագրության մեջ։
Կողմերը համաձայնել են, որ պետք է շարունակեն իրականացնել շոշափելի գործողություններ՝ անվտանգության ոլորտում համագործակցությունը ամրապնդելու և կարտելների դեմ պայքարի իմաստալից արդյունքներ ցույց տալու համար, ինչպես նաև վերջ դնելու ֆենտանիլի ու զենքի անօրինական հոսքին երկու երկրների ընդհանուր սահմանով։
Ռուբիոն և դե լա Ֆուենտեն պայմանավորվել են փետրվարին Վաշինգտոնում անցկացնել անվտանգությանը նվիրված նախարարական հանդիպում









