Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար, կենտրոնամետ «Նոր սոցիալական պայմանագիր» կուսակցության անդամ Կասպար Վելդկամպը հրաժարական է տվել Իսրայելի դեմ պատժամիջոցների շուրջ բանավեճից հետո։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն, այդ մասին նա հայտարարել է հարցազրույցում։ Վելդկամպի կուսակցության մյուս բոլոր նախարարները հետևել են նրա օրինակին։
«Այդուհանդերձ մի շարք նախարարների հրաժարականներն իրենց պաշտոններից հետևանքներ չի ունենա Նիդեռլանդների ներքին քաղաքականության առումով, քանի որ իշխող կոալիցիան նախկինում մեծամասնություն չուներ աջակողմյան «Ազատության կուսակցության» լքելուց հետո։ Այժմ անկուսակցական վարչապետ Դիկ Շոֆի գլխավորած կառավարությունը բաղկացած է միայն աջակողմյան լիբերալ «Ազատության և ժողովրդավարության համար ժողովրդական կուսակցությունից» և աջակողմյան «Ֆերմերների և քաղաքացիների շարժումից»,-նշված է հաղորդագրության մեջ:
Կասպար Վելդկամպը նախկինում էլ խոսել է Իսրայելի կառավարության դեմ ավելի խիստ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին՝ Գազայի հատվածում ընթացող գործողությունների ֆոնին, սակայն, ըստ նրա, այդ հարցում կոալիցիոն գործընկերներից աջակցություն չի ստացել։
Հուլիսի վերջին հայտնի դարձավ, որ Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը և ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչը Նիդեռլանդներում հայտարարվել են անցանկալի անձ՝ մեղադրվելով պաղեստինցիների դեմ բազմիցս բռնություններ հրահրելու մեջ։