Ադրբեջանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը հաստատել են իրենց մտադրությունը՝ զարգացնել համագործակցությունը էներգետիկայի, տրանսպորտի և լոգիստիկայի նման կարևոր ոլորտներում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ ներկայացնելով Ադրբեջանի, Ուզբեկստանի նախագահներ Իլհամ Ալիևի, Շավքաթ Միրզիյոևի և Թուրքմենստանի Միլլի Մեջլիսի Հալք Մասլահաթիի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի համատեղ հայտարարությունը, որն ընդունվել է օգոստոսի 22-ին՝ Թուրքմենբաշիում կայացած եռակողմ գագաթնաժողովի արդյունքում։
Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարության կողմից հրապարակված փաստաթղթի համաձայն՝ կողմերն ընդգծել են էներգետիկայի ոլորտում համագործակցության զարգացման կարևորությունը և նշել այս ոլորտում փոխգործակցության հատուկ նշանակությունը։
«Հաշվի առնելով տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում առկա մեծ ներուժը, ինչպես նաև երեք երկրների տարանցիկ ներուժն օգտագործելու նպատակով, կողմերը ընդգծել են Ուզբեկստան-Թուրքմենստան-Ադրբեջան և հակառակ ուղղությամբ բազմամոդալ տրանսպորտի ակտիվացման կարևորությունը։ Այս առումով նշվել է երեք երկրների իրավասու մարմինների կողմից ստորագրված տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում համագործակցության ոլորտում փոխըմբռնման հուշագրի կարևորությունը»,-ասված է հայտարարության մեջ։
Նշվում է, որ երեք երկրների առաջնորդները ողջունել են համատեղ աշխատանքային խմբի ստեղծումը՝ տրանսպորտային և կապի ենթակառուցվածքների զարգացման, տրանսպորտային գործողությունների համակարգման և դրանց կազմակերպման պայմանների պարզեցման հարցերը քննարկելու համար։
Հայտարարության մեջ խոսվում է երկրների միջև օդային երթևեկության, բիզնեսի և զբոսաշրջության զարգացման կարևորության մասին, ինչը կնպաստի բեռների և ուղևորների հոսքերի աճին։