Նոր ուսումնական տարվան ընդառաջ շարունակվում են օգոստոսյան խորհրդակցությունները․ հերթական հանդիպումը տեղի է ունեցել Սյունիքի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների ու վարչատնտեսական համակարգողների մասնակցությամբ։
Խորհրդակցությունը վարել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ներկա են եղել Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի, ԿԳՄՍ նախարարության և մարզպետարանի կրթության ոլորտի պատասխանատուներ։ Խորհրդակցությունից առաջ կազմակերպվել է «Կրթական էքսպո» ցուցահանդես, որտեղ ներկայացվել են մարզի դպրոցների աշակերտների՝ նախորդ ուստարում տարբեր առարկաներից լավագույն նախագծային աշխատանքները:
ԿԳՄՍ նախարարության կողմից շնորհակալագրեր են հանձնվել «Ամսվա լավագույնները» մրցույթում հաղթած սյունեցի մանկավարժներին։ Ամոփոփելով անցած ուստարվա արդյունքները՝ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ Սյունիքի մարզից բուհեր ընդունվելու համար դիմել է 751 շրջանավարտ, քննություններին ներկայացել է 730-ը, նրանցից 550-ն ընդունվել է բուհ, որոնցից 102-ը՝ անվճար։ Խորհդակցության ընթացքում Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է կրթության ոլորտում նախորդ տարի կատարված ու գալիք ուստարում պլանավորված աշխատանքներին՝ ընդգծելով, որ հանրակրթության նոր չափորոշչի ներդրումն ընդլայնվելու է։
Նոր ուսատարում չափորոշիչը ներդրված կլինի 1-11-րդ դասարաններում, իսկ վերջին՝ 12-րդ դասարանում այն կներդրվի հաջորդ տարվանից։ Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև իրավական կարգավորումները՝ պարզաբանելով ֆինանսական և ուսումնական գործընթացի կազմակերպմանն առնչվող մի շարք խնդիրներ։ Այս համատեքստում նա կարևորել է կթության կառավարման տեղեկատվական համակարգում տվյալների ամբողջական և ճշգրիտ լրացումը՝ ընդգծելով, որ դրանք հիմք են հանդիսանալու հաստատությունների ֆինանսավորման համար։
Արաքսիա Սվաջյանը նաև տեղեկացրել է՝ 2025-2026 ուստարին հայտարարվում է «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի տարի»։
Նախաձեռնության նպատակն է դպրոցներում ստեղծել բռնությունից զերծ, առողջ և պաշտպանված կրթական մթնոլորտ, որի շրջանակում մի շարք նախաձեռնություններ են նախատեսվում։ Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը նշել է, որ անցած ուսումնական տարին Սյունիքի հանրակրթական հաստատություններն ավարտել են հաջողություններով ու նոր ձեռքբերումներով։ Նա հույս է հայտնել, որ աշխատաքները հաջողությամբ կկատարվեն նաև նոր ուսումնական տարում։ Ներկաները նաև իրենց հուզող հարցերն են ուղղել պաշտոնյաներին:ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Սյունիքի մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություններ են անցկացվել նաև մարզի նախադպրոցական և արտադպրոցական հաստատությունների ղեկավարների հետ։