Կատարի «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը հայտնել է իր 5 աշխատակիցների մահվան մասին՝ Իսրայելի կողմից Գազա քաղաքի վրա հասցված հարվածի հետևանքով։ Սպանվածների թվում են «Ալ Ջազիրա»-ի լրագրող Անաս ալ-Շարիֆը, թղթակից Մոհամմեդ Քրեյքեհը և օպերատորներ՝ Իբրահիմ Զահերը, Մոհամմեդ Նուֆալը և Մոամեն Ալիվան։
Նշվում է, որ ռմբակոծության պահին նրանք գտնվել են «Ալ-Շիֆա» հիվանդանոցի մուտքի մոտ գտնվող լրագրողների համար նախատեսված վրանում։ Ընդհանուր առմամբ զոհվել է յոթ մարդ։
Իսրայելական բանակը, իր հերթին, հայտարարել է, որ ոչնչացրել է «ահաբեկիչ Անաս ալ-Շարիֆին, որը ներկայացել էր որպես «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի լրագրող»։
Զինվորականների խոսքով՝ նա ղեկավարել է արմատական պաղեստինյան շարժման «ՀԱՄԱՍ» ստորաբաժանումներից մեկը և «պատասխանատու է եղել իսրայելցի քաղաքացիական անձանց և զինվորների վրա հրթիռային հարձակումների համար»։
«Ալ Ջազիրան» հայտարարել է, որ դա մամուլի ազատության դեմ հերթական աղաղակող և կանխամտածված ոտնձգությունն է: Հեռուստաալիքը հավելել է, որ չկա որևէ ապացույց, որ Անաս աշ-Շարիֆը կապ է ունեցել ՀԱՄԱՍ-ի հետ:
Աղբյուրը՝ Aysor.am