Մի պահ պատկերացնենք, որ ՛՛Թրամփի երթուղին՛՛ իսկապես ուղղված է բացառապես տնտեսական հաղորդակցությունների ակտիվացմանը, և միաժամանակ փորձենք դուրս գալ ներռեգիոնալ տիրույթից՝ դիտարկելով հարցն ավելի լայն՝ աշխարհակարգային տեսանկունից:
Նոր երթուղու ձևավորումը թույլ է տալիս ԱՄՆ-ին դիրքավորվելու Եվրոպա-Կովկաս-Ասիա լոգիստիկայում՝ վերահսկելով դրա ներքո իրականցվող հաղորդակցությունները, ներառյալ՝ ածխաջրածինների հոսքերը դեպի Եվրոպա: Մեկ անգամ չէ, որ գրել եմ ՄՄՆ-ի ուղիղ շահերի մասին եվրոպական էներգետիկ շուկայում:
Իր հերթին, Եվրոպա-Կովկաս-Ասիա առանցքում ԱՄՆ-ի ներկայությունը անհրաժեշտ է դիտարկել ամերիկայն ստրատեգների կողմից առաջ մղվող G2 աշխարհակարգային մոդելի ներքո: Վերջինս ենթադրում է միջազգային հարաբերությունների այնպիսի համակարգ, որը, ինչպես ՛՛սառը պատերազմի՛՛ տարիներին, կունենա երկու բևեռ, սակայն այս անգամ ԽՍՀՄ փոխարեն ԱՄՆ-ին հակակշռելու է Չինաստանը:
Եվ քանի որ Չիանստանի աշխարհաքաղաքական առաջխաղացման հիմնական ՛՛կրող կոնստրուկցիան՛՛ ՛՛Գոտի և ճանապարհն՛՛ է, հասկանալի է, թե ինչու է Վաշինգտոնն այսքան շահագրգռված չինական նախաձեռնության մաս կազմող ՛՛Միջին միջանցքում՛՛ ներկայություն ապահովելու մեջ:
Ուստի, ՛՛Թրամփի երթուղու՛՛ տնտեսական նպատակադրումը խիստ կասկածելի է ու մերկապարանոցային: Այն որևէ առումով չի կարող տարածաշրջանի առևտրային կապերի զարգացման համար նեցուկ ծառայել մի պարզ պատճառով՝ Պեկինը հնարավորինս խուսափելու է իր գեոռազմավարական հակառակորդի՝ Վաշիգտոնի կողմից վերահսկվող հաղորդակցությամբ բեռնափոխադրումներ իրականացնել:
Հեռանկարում, ռուս-ուկրաինական հակամարտության լուծման պարագայում, կարող է նոր լիցք ստանալ Չինաստան-Ռուսաստան-Եվրոպա լոգիստիկան, որն այսօր էլ բավականին դրական դինամիկա ունի: Այսպես, 2024 թ.-ին Չինաստան-Ղազախստան-Բելառուս-Եվրոպա երկաթուղային կապով բեռնափոխադրումները նախորդ տարվա համեմատ աճել են երկու անգամ՝ հասնելով 412 հազ. TEU (20-ֆուտանոց էկվիվալենտ):
_________
Ք.գ.դ., պրոֆեսոր Վահե Դավթյան
Բաժանորդագրվեք ՏԳ-ալիքիս: Հղումը մեկնաբանություններում: