Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Վարչապետը ՌԴ նախագահին ներկայացրել է ս/թ օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշիգնտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես, «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության սկզբունքների շրջանակում և փոխադարձության հիման վրա, ինչպես նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը։
Վարչապետը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը նոր հնարավորություններ է բացում ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև տարածաշրջանի բոլոր երկրների համար։
Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել ակտիվ շփումները և քաղաքական երկխոսությունը։
Միաժամանակ Կրեմլից հայտնում են, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։
«Ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը՝ 2020-2022 թվականներին ամենաբարձր մակարդակով հայտնի եռակողմ համաձայնագրերին համապատասխան նպաստելու հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորմանը, այդ թվում՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը։
Իր հերթին, Վլադիմիր Պուտինը խոսել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆի հետ զրույցի հիմնական արդյունքների և Ալյասկայում Դոնալդ Թրամփի հետ հանդիպման նախապատրաստման մասին։ Հայաստանի վարչապետը ողջունել է ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանն ուղղված քայլերը։
Անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգի որոշ արդիական հարցերի՝ շեշտը դնելով առևտրային ու ներդրումային համագործակցության և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում փոխգործակցության հետագա զարգացման վրա»,– ասված է հաղորդագրության մեջ։