Հայ դատի Կանադայի հանձնախումբը տեղեկացնում է, որ օգոստոսի 10-ին Կանադայի արտաքին գործերի նախարար Անիտա Անանդը, հայ-ադրբեջանական՝ վաշինգտոնյան պայմանավորվածությունների վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ, ի թիվս այլնի նկատել է․ «Դիվանագիտական բանակցությունների միջոցով ձեռք բերված այսպիսի համաձայնությունները հստակ ուղի են բացում Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համար, որը կօգնի լուծել մնացած խնդիրները, այդ թվում՝ բոլոր հայ ռազմագերիների և ձերբակալվածների ազատ արձակումը, հայ քաղաքացիական անձանց անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքի ապահովումը, ինչպես նաև մշակութային ժառանգության պահպանումը։
Կանադան նկատի է առնում ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման որոշումը և պատրաստակամ է աջակցել ապագա ցանկացած մեխանիզմի, որը կապահովի ուժի չկիրառման սկզբունքը, տարածքային ամբողջականության հարգումը և ինքնորոշման իրավունքը։ Կանադան վերահաստատում է իր հանձնառությունը՝ ապահովելու երկարաժամկետ խաղաղություն, կայունություն և բարգավաճում Հարավային Կովկասում՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի հարցի քաղաքական կարգավորված լուծման հասնելը»։ Հայ դատի հանձնախումբը բարձր է գնահատում Կանադայի պաշտոնական դիքորոշումը, հատկապես այն պայմաններում, երբ վերջին օրերի զարգացումներից հետո, նկատվում է Ղարաբաղյան հակամարտությունը, ավելի քան 120․000 անձանց բռնի տեղահանումն ու արցախահայության անքակտելի իրավունքները մոռացության մատնելու միջազգային միտում։
Հայ դատի Կանադայի հանձնախումբը շարունակելու է աշխատանքները կանադական կառավարության հետ, որպեսզի պաշտոնական Օտտավան առաջիկայում ևս պահպանի իր շատ կարևոր այս դիրքորոշումը։
ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ