Օգոստոսի 8-ին կայացած եռակողմ համաձայնագրի վերաբերյալ թե՛ տագնապը, թե՛ հրճվանքը չափազանցված են։ Նախ՝ ցանկացած նման գործընթացի իրագործելիություն պահանջում է ոչ թե համաձայնագիր, այլ՝ պայմանագիր, որտեղ արտացոլված կլինեն կոնկրետ իրավունքներ և պարտավորություններ, այլ ոչ՝ ընդհանուր բնույթի վերացական դրույթներ։ Երկրորդ՝ համաձայնագրի հիմքում, չնայած հերթապահ հայտարարություններին, կարծես թե բացակայում է ընդգծված միասնական ձգտումը։
Եթե Հայաստանի իշխանությունների համար այն շատ ավելի ներքաղաքական կարևորություն ունի, ապա Ալիևը, ռուս-ադրբեջանական լարվածության ֆոնին, ավելի շատ հերթական ազդակն է հղում Ռուսաստանին։ Թրամփի համար այս գործընթացը նախ և առաջ ԵՄ-ի «օդերը փակելու»-ն ուղղված հերթական քայլն է։ Պետք չէ մոռանալ, որ տարիներ շարունակ «Միջին միջանցք» կոչված նախագծի (որի մաս պետք է հանդիսանար նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը») շահառուներն են եղել Չինաստանն ու ԵՄ-ը։ Սա է, թերևս, պատճառը, որ Ռուսաստանում առայժմ չափավոր զգուշավորություն են հանդես բերում գնահատականների հարցում։
Ընդհանրապես, նման նախագծերի իրագործումը հնարավոր է միայն գլոբալ կոնսենսուսի պայմաններում։ Հայաստանյան իշխանությունները սա լավ են հասկանում, հետևաբար, իշխանությունների և մերձիշխանական շրջանակների հրճվանքն այս համատեքստում նույնքան անհիմն է, որքան ժամանակին մատուցված սպասումը, թե դեռ 2023 թ. հունիս 1-ից հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար պետք է բացվեր։ Նիկոլի և իր թիմի համար օգոստոսի 8-ի հռչակագիրն ընդամենը նախընտրական շրջանում մոտալուտ խաղաղության վերաբերյալ ստի հերթական դոզա գեներացնելու միջոց է:
Գարեգին Պետրոսյան