ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է Հայ առաքելական եկեղեցու դեմ իր գործողություններով արժեզրկել այն։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» ասել է Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը։
«Նա հիանալի հասկանում է, որ իր վարկանիշը կտրուկ անկում է ապրում։ Նա հասկանում է, որ Եկեղեցին միակ ինստիտուտն է, որը կարող է միավորել հայ ժողովրդին և կարող է իր խոսքն ասել ընտրությունների ժամանակ (խորհրդարան 2026 թվականին — Խմբ.)։ Եվ նա պարզապես սկսել է զբաղվել եկեղեցու գործերով», - ասել է նա։
Աբրահամյանի խոսքով՝ Փաշինյանն ինքը որևէ կապ չունի Հայ Առաքելական Եկեղեցու հետ, նա երբեք նույնիսկ չի ցույց տվել, որ հավատացյալ է։
«Նա նույնիսկ բարոյական իրավունք չունի զբաղվելու եկեղեցու գործերով և ղեկավարելու որևէ շարժում (եկեղեցու ղեկավարության փոփոխության համար։ — Խմբ.): Այդպիսի որեւէ շարժում առաջնորդելու համար չգիտեմ, թե ինչպիսի սուրբ մարդ պետք է լինի: Բայց նա շատ հեռու է սուրբ լինելուց: Եվ այդ պատճառով, իր անձնական շահերից ելնելով, նա հիմա ուզում է արժեզրկել եկեղեցին: Արժեզրկելը նրա գործն է», - նշել է գործակալության զրուցակիցը։
Նա հիշեցրել է, որ Հայ Առաքելական եկեղեցին շատ կարևոր դեր է խաղում հայերի համար։
«Գիտեք, մենք (հայերը — Խմբ.) ունեցել ենք մի ժամանակաշրջան, երբ դարեր շարունակ պետություն չկար: Եկեղեցին փոխարինել է պետությանը: Եկեղեցին պահպանել է մեր լեզուն: Եկեղեցին պահպանել է մեր հավատքը: Եկեղեցին միավորել է մեզ (հայերին — Խմբ.), որպեսզի մենք չկորչենք: Եթե եկեղեցի չլիներ, մենք կկորչեինք տարբեր նահանգներում: Հիմա հայկական պետություն չէր լինի: Եվ չէին լինի նաև հայկական արժեքներ: Մենք չէինք ունենա այնպիսի գրքերի պահոց, ինչպիսին է Մատենադարանը», - հավելել է նա։
Հարցին՝ Փաշինյանը կարո՞ղ է արդյոք գնալ Գարեգին Բ կաթողիկոսի ձերբակալությանը, Աբրահամյանը պատասխանել է, որ վարչապետից ամեն ինչ կարելի է սպասել։ Միևնույն ժամանակ, եկեղեցու ներկայիս ղեկավարը բազմաթիվ հոգևորականներ է նշանակել, և նրանք միասին մեծ թվով հայերի են մկրտել։
«Ի՞նչ, նրանք բոլորը արդեն եկեղեցուց դո՞ւրս են։ Ես նույնիսկ չեմ կարող կրկնել այս խոսքերը։ Եվ ես նույնիսկ ամաչում եմ նրա համար, այս խոսքերի համար, որոնք նա (Փաշինյանը։ -Խմբ.) ասում է եկեղեցու մասին», - նշել է Աբրահամյանը։