Foto

ՀԱԵ հասցեին հնչող ահաբեկչության և քաղաքական ծայրահեղության մեղադրանքները դիտավորյալ հորինված, ապատեղեկատվական քարոզչության մաս են․ Տեր Արարատ քահանա

Տեր Արարատ քահանա Պողոսյանը  «Տեղեկատվական պատերազմ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ, կամ՝ Եկեղեցին թշնամու թիրախում» վերնագրով գրառում է արել․ «Վերջին տարիներին ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցներում, ակադեմիական և թուրք-ադրբեջանական տանդեմի ազդեցության տակ գտնվող որոշ ուժերի շրջանակներում դիտվում է հետևողական քարոզչական արշավ՝ ուղղված Հայ Առաքելական Եկեղեցու վարկաբեկմանը։ Այդ արշավի ընթացքում ներկայացվում են մեղադրանքներ, իբր Հայ Եկեղեցին ներգրավված է ահաբեկչության մեջ կամ աջակցում է ահաբեկչական կազմակերպություններին։ Սակայն այդ պնդումները բացարձակապես անհիմն են, քննադատության չեն դիմանում և տեղեկատվական պատերազմի մաս են, որոնց նպատակը ոչ միայն Հայ Եկեղեցու, այլև հայկական պատմամշակութային ինքնության հեղինակազրկումն է։ Ադրբեջանական ստահոդ քարոզչության ամենատարածված թեզերից մեկն այն է, իբր Հայ Առաքելական Եկեղեցին ակտիվ մասնակցություն է ունենում «ահաբեկչական գործունեությանը», պատրաստում հոգևորականների՝ զենքի և բռնության միջոցով գործելու, և նրանց ոգեշնչում գործողությունների՝ ուղղված Ադրբեջանի դեմ։ Կամ Հայ Եկեղեցուն մեղադրում են, որ իբր «օրհնում է ահաբեկիչներին», «մարտական հոգևորականների» պատրաստում և մասնակցում «քաղաքական սադրանքների» միջազգային հարթակներում։ Այս խոսույթն ավելի է ուժեղանում արցախյան հիմնախնդրի շուրջ հակամարտության համատեքստում, երբ մեր Եկեղեցուն փորձում են վերագրել «գաղափարախոսական դեր՝ ռազմական հանցագործություններում»։ Համանման մեղադրանքներ պարբերաբար հրապարակվում են այնպիսի լրատվամիջոցներում, ինչպիսիք են caliber.az-ը, apa.az-ը, erevangala500.com-ը և այլն։ Սակայն այս պնդումներն իրավաբանորեն փաստարկելի չեն, չեն կարող ապացուցվել և հաստատվել վավերական որևէ փաստով։ Ավելորդ չէ նշել նաև, որ ոչ մի միջազգային հետաքննություն, ոչ մի իրավապաշտպան կազմակերպություն՝ այդ թվում Human “Rights Watch”-ը, “Amnesty International”-ը կամ ՄԱԿ-ը, երբևէ չեն մեղադրել Հայ Առաքելական Եկեղեցուն ահաբեկչական գործողություններում ներգրավված լինելու մեջ։ Ադրբեջանական աղբյուրների ներկայացրած փաստարկները հիմնված են համատեքստից կտրված արտահայտությունների, ենթադրությունների կամ անանուն աղբյուրների վրա, ինչը կասկածի տակ է դնում դրանց հավաստիությունը և բացահայտ վկայում քարոզչական բնույթը։ Ավելին՝ Հայ Առաքելական Եկեղեցին բազմիցս հանդես է եկել պաշտոնական հայտարարություններով, որոնցով դատապարտել է բռնության ցանկացած ձև, կոչ արել խաղաղության, երկխոսության և փոխադարձ հարգանքի։ Սուրբ Էջմիածինը հետևողականորեն հերքել է ահաբեկչությանն առնչվելու մեղադրանքները՝ ընդգծելով իր՝ Եկեղեցու բացառապես հոգևոր, մշակութային, հովվական և ազգապահպան առաքելությունը։ Ահաբեկչության մեղադրանքներից բացի՝ ադրբեջանցի հեղինակները տարածում են նաև այն թեզը, իբր Հայ Առաքելական Եկեղեցին քաղաքական գործունեություն է իրականացնում՝ մասնակցելով հեղաշրջումների և «գունավոր հեղափոխությունների» կազմակերպմանը։ Օրինակ՝ ըստ որոշ հրապարակումների՝ հայ հոգևորականները իբր ներգրավված են Երուսաղեմում կամ այլ երկրներում Արցախի խորհրդանիշների տեղադրման գործընթացներում, ինչը ներկայացվում է որպես «ռևանշիզմի» և «սադրանքի» դրսևորում։ Սակայն այս դեպքերում նույնպես բացակայում են իրական ապացույցներ, որոնք կկապեն այդ գործողությունները Եկեղեցու պաշտոնական դիրքորոշման հետ։ Առանձնահատուկ ուշադրության է արժանի Ադրբեջանի կողմից հայոց պատմամշակութային ժառանգության խեղաթյուրումը։ Ադրբեջանական կողմն ակտիվորեն տարածում է այն տեսակետը, թե Արցախի տարածքում գտնվող հայկական եկեղեցիները, վանքերն ու մշակութային հուշարձանները իրականում «աղվանական» կամ «թուրքական» ծագում ունեն։ Այս տեսակետը հերքվել է մի շարք հեղինակավոր հայ և օտար գիտնականների կողմից, այդ թվում Վիկտոր Շնիրելմանի, որը շեշտում է, որ հայկական մշակութային ժառանգության նման «աղվանացումն» ունի գաղափարական բնույթ և ծառայում է Բաքվի քաղաքական շահերին՝ տարածքային վեճի համատեքստում։ Ադրբեջանական քաղաքականությունն ուղեկցվում է նաև հայկական ժառանգության փաստացի ոչնչացմամբ կամ արձանագրությունների, խորհրդանշանների ու ճարտարապետական տարրերի կեղծմամբ, որոնք վկայում են հուշարձանների հայկական ծագման մասին (մանրամասն տե՛ս Կարապետ Մելիք-Օհանջանյան, Զ. Բոինիաթովի գրական-պատմական հայեցակարգը, Երևան, 2025, В. А. Шнирельман, Войны памяти: мифы, идентичность и политика в ЗакавказьеМосква, 2003 և այլն)։ Վերջին շրջանում ավելի են ուժգնացել Հայ Եկեղեցու դեմ ադրբեջանական նպատակային հարձակումները։ Մեղադրանքներ են հնչում Եկեղեցու՝ իբր «քաղաքական դաշտ մուտք գործելու», «հեղաշրջման փորձերի» և նույնիսկ «դավադիր գործունեության» մեջ ներգրավվելու վերաբերյալ, որոնք դարձյալ փաստացի չեն հիմնավորվում։ Նման մոտեցումների ակունքը կարելի է որոնել նաև մեր ներքին կյանքում՝ Հայ Եկեղեցու և նրան մեղադրող շրջանակների միջև խորացող գաղափարական ու արժեքային բևեռացման մեջ։ Այդօրինակ մեղադրանքների հնչեցումը՝ առանց իրավական հիմքերի, կարող է դիտվել որպես ներքին քաղաքականության բաղադրիչ՝ միտված Հայ Եկեղեցու հեղինակության նվազեցմանը և պետական վերահսկողության սահմանմանը։ Հետևաբար՝ Հայ Առաքելական Եկեղեցու հասցեին հնչող ահաբեկչության և քաղաքական ծայրահեղության մեղադրանքները դիտավորյալ հորինված, ապատեղեկատվական քարոզչության մաս են։ Դրանց նպատակը Արցախում հայկական ներկայության և վերադարձի ապալեգիտիմացումն է և աշխարհի հնագույն քրիստոնեական Եկեղեցիներից մեկի՝ Հայ Առաքելական Եկեղեցու վարկաբեկումը։ Այդ մեղադրանքները՝ զուրկ իրական հիմքերից, ծառայում են միայն Ադրբեջանի արտաքին ագրեսիվ քաղաքականությունը ներսում արդարացնելու և իրենց քաղաքական օրակարգի շուրջ հանրային համախմբում ապահովելու նպատակին։ Նման պնդումների օբյեկտիվ վերլուծության համար չափազանց կարևոր է հենվել ոչ թե քաղաքականացված աղբյուրների, այլ անկախ փորձագիտական գնահատականների, միջազգային իրավական նորմերի և փաստական տվյալների վրա։ Հայ Առաքելական Եկեղեցին, ինչպես ցանկացած այլ կրոնական կազմակերպություն, պետք է գնահատվի բացառապես իր գործունեության հիման վրա, այլ ոչ թե քաղաքական հակամարտությունների և կեղծ քարոզչության համատեքստում։ Հ․Գ․ Ի դեպ, Հայ Եկեղեցուն և հայ հոգևորականներին ահաբեկչական գործողությունների մեջ անցյալում մեղադրել են բացառապես հայ ժողովրդի նկատմամբ գաղութարար քաղաքականություն ունեցող և թշնամական պետությունները»