Դատախազությունը հրաժարվել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի նախկին դեկան, ՀՀ արդարադատության խորհրդի նախկին անդամ Գագիկ Ղազինյանի, Կարինե Շահբազյանի և Դավիթ Ղազինյանի դեմ՝ ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման պահանջով հայցից՝ ամբողջությամբ։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն։
Դատախազը նման դիրքորոշում հայտնել է այսօր՝ Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում՝ դատավոր Ռուդոլֆ Ավագյանի նախագահությամբ, կայացած դատական նիստի ընթացքում։ Գործն, ըստ էության, կկարճվի։ Հակակոռուպցիոն դատարանից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ հայցվորի կողմից հայցի հրաժարման հիմքով գործը կարճելու որոշումը կհրապարակվի վաղը։
Հիշեցնենք, որ հայցադիմումը դատարան ներկայացվել է 2024թ․ նոյեմբերին։ Հայցադիմումն ի սկզբանե մակագրված է եղել Դատախազությունը պահանջում էր Գագիկ Ղազինյանից և նրա կնոջից բռնագանձել՝ 206 միլիոն 297 հազար 984 դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, և 52 միլիոն 775 հազար 679 դրամ, ունի ապօրինի ծագում, հնարավոր չէ բռնագանձել, քանի որ 1997-ից 2024 թթ․ ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել։
Գագիկ Ղազինյանի որդուց՝ Դավիթ Ղազինյանից, օրենքի իմաստով Գագիկ Ղազինյանին պատկանող գույք, հօգուտ ՀՀ-ի բռնագանձել Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի անշարժ գույքը, անհնարինության դեպքում Գագիկ Ղազինյանից բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 131 միլիոն 899 հազար 500 դրամ, Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն Բաբայան փողոցի անշարժ գույքը, անհնարինության դեպքում Գագիկ Ղազինյանից բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 828 միլիոն 600 հազար դրամ։