Իրաքի կիսաինքնավար Քուրդիստանի տարածաշրջանի նավթահանքերի վրա անօդաչու թռչող սարքերի՝ արդեն երրորդ օրը կատարվող հարձակումները հանգեցրել են նրան, որ օրական 140 հազարից մինչև 150 հազար բարելով կրճատել են նավթի արտադրությունը, հայտարարել են էներգետիկ ոլորտի ներկայացուցիչները։
Դեռևս հայտնի չէ, թե ով է կանգնած հարձակման հետևում, և ոչ մի խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել։ Իրաքյան Քուրդիստանի էներգետիկայի ոլորտի ներկայացուցիչների տվյալներով՝ տարածաշրջանի ընդհանուր արտադրությունը կազմել է օրական մոտ 285 հազար բարել։
Քուրդիստանի բնական պաշարների նախարարությունը հայտարարել է, որ մի քանի նավթահանքեր դադարեցրել են գործունեությունը՝ ենթակառուցվածքներին հասցված մեծ վնասի պատճառով՝ հավելելով, որ հարձակումների թիրախում են եղել նաև էներգետիկ հատվածի քաղաքացիական աշխատողները։
Gulf Keystone Petroleum ընկերությունը հայտարարել է, որ տարածքում տեղի ունեցած հարձակումների պատճառով դադարեցրել է արտադրությունը Իրաքյան Քրդստանի ամենամեծ նավթահանքերից մեկում՝ Շայկան հանքավայրում։
«Անվտանգության նկատառումներից ելնելով՝ GKP-ն որոշել է ժամանակավորապես դադարեցնել արտադրությունը և միջոցներ է ձեռնարկել իր աշխատակիցներին պաշտպանելու համար։ Ընկերության ակտիվները չեն տուժել»,- ասված է ընկերության հայտարարության մեջ։ Gulf Keystone-ն արտադրության բաժանման պայմանագիր է կնքել Իրաքի Քրդստանի տարածաշրջանային կառավարության հետ, ըստ որի՝ այն մայրաքաղաք Էրբիլից մոտավորապես 60 կիլոմետր հյուսիս-արևմուտք ընկած Շայկան հանքավայրի արտոնագրում 80% բաժնեմաս ունի։
«Մի շարք ահաբեկչական հարձակումներ են իրականացվել անօդաչու թռչող սարքի միջոցով, որը ռումբեր է նետել Զախոյի անկախ վարչակազմի և Դոհուկ նահանգի Շեխան շրջանի Թաուքե, Փեշկաբուրի և Այն Սիֆնի նավթահանքերի վրա», - հայտնել են Քուրդիստանի տարածաշրջանի բնական պաշարների նախարարությունից։
Նորվեգական DNO նավթագազային ընկերությունը, որը շահագործում է Թուրքիային սահմանակից Զախո շրջանի Թաուկե և Փեշկաբուրի նավթահանքերը, հայտարարել է, որ հանքավայրերում տեղի ունեցած պայթյուններից հետո ժամանակավորապես դադարեցրել է արտադրությունը։
«Ներկայում վնասի գնահատում է ընթանում, և ընկերությունը նախատեսում է վերսկսել արտադրությունը գնահատման ավարտից հետո», -հայտնել են DNO-ում։
DNO-ի բաժնետոմսերը մոտ 5%-ով անկում ապրեցին հարձակումից հետո և հունիսի 25-ից ի վեր վիճակի ավելի վատթարացման էին սպասում։ Հանքավայրերը հարձակման են ենթարկվել ռումբերով լի երեք անօդաչու թռչող սարքերի կողմից, սակայն զոհեր չեն եղել, միայն նյութական վնասներ, Ֆեյսբուքում հայտնել են Քրդստանի հակաահաբեկչական ծառայությունից։
Ավելի ուշ, Հյուսիսային Իրաքի Դոհուկ շրջանում, հարձակում է իրականացվել նաև Ամերիկյան Hunt Oil ընկերության շահագործվող Այն Սիֆնի նավթահանքի վրա։ Հարձակման մասին այլ մանրամասներ չեն հրապարակվել։ Երեքշաբթի անօդաչու թռչող սարքի հարձակումը ստիպել է դադարեցնել արտադրությունը Իրաքյան Քրդստանի Սարսանգ նավթահանքում՝ ամերիկյան օպերատորի կողմից մեկ այլ հանքավայրի մշակման համաձայնագիր ստորագրելուց մի քանի ժամ առաջ։
Իրաքյան Քրդստանի անվտանգության աղբյուրները հայտնել են, որ նախնական հետաքննությունները ցույց են տվել, որ անօդաչու թռչող սարքը եկել է «Իրանի աջակցությունը վալելող աշխարհազորայինների վերահսկողության տակ գտնվող» տարածքներից։
Երկուշաբթի երկու անօդաչու թռչող սարքեր բախվեցին Իրաքյան Քրդստանի Էրբիլի մոտակայքի Խուրմալա նավթահանքին, որի հետևանքով վնասվել են հանքավայրի ջրատար խողովակները։