Foto

Փաշինյանը չորս ժամ զբաղված էր մեր ինտելեկտի բռնաբարությամբ. Սուրեն Սուրենյանց

Փաշինյանը չորս ժամ զբաղված էր մեր ինտելեկտի բռնաբարությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուրեն Սուրենյանցը։

«Նիկոլ Փաշինյանի այսօրվա ասուլիսը զավեշտով, կեղծիքով, մանիպուլյացիայով հարուստ էր և մեծ հաշվով՝ փաստացի վարչապետը չորս ժամ զբաղված էր մեր ինտելեկտի բռնաբարությամբ:

Անշուշտ, Փաշինյանի մտքի «գոհարներին» անդրադառնալու առիթ կլինի, բայց հիմա ուզում եմ խոսել ասուլիսի «ամենապոպուլյար» թեմայի՝ արտապատվիրակման մասին:

Փաշինյանը փորձել է համեմատական անցկացնել Հայաստանի ներկայիս արտապատվիրակված ենթակառուցվածքների և Սյունիքով նախատեսված ճանապարհի միջև՝ ընդգծելով, որ երկաթուղային համակարգը, «Զվարթնոց» օդանավակայանը և ջրամատակարարման որոշ ոլորտներ նույնպես գտնվում են արտասահմանյան կառավարման ներքո, սակայն «Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը կամ ինքնիշխանությունը դրանից չեն խախտվել»։

Նման համեմատություն անելու համար՝ մարդը կա՜մ կատարյալ դիլետանտ պետք է լինի, կա՛մ՝ մանիպուլյացիայի մեծագույն վարպետ:

Ըստ իս, Փաշինյանի պարագայում այս երկու գործոնները միախառնված են:

Հայաստանի ջրային համակարգի կամ «Զվարթնոց» օդանավակայանի կառավարման արտապատվիրակումը կատարվել է ներդրումային պայմանագրերի շրջանակում, որոնց դեպքում ՀՀ-ն պահպանում է լիարժեք իրավասություն, վերահսկողություն և իրավական գերակայություն այդ ենթակառուցվածքների նկատմամբ։

Սյունիքի ճանապարհի հարցում Ադրբեջանը բացահայտորեն պահանջում է ռեժիմ, որի դեպքում Հայաստանի իրավասությունները՝ մաքսային, սահմանային և անձնագրային, փաստացի չեն գործելու այդ ճանապարհի նկատմամբ։

Առնվազն, սահմանափակվելու է Հայաստանի ինքնիշխանությունը:

Զանգեզուրի միջանցքի շուրջ քննարկումները ծագել են ոչ թե տնտեսական անհրաժեշտությունից, այլ՝ 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանի կողմից ուժի սպառնալիքով առաջ քաշված ռազմաքաղաքական պահանջների համատեքստում։

Այստեղ, ըստ այդ, անիմաստ է խոսել փոխադարձության համագործակցության բաղադրիչների մասին:

Այսպիսով, գործ ունենք ոչ թե տնտեսապես շահավետ նախաձեռնության, այլ մի լուծման հետ, որը Հայաստանը դարձնում է աշխարհաքաղաքական շահեր բախման կիզակետ:

Դարձյալ պնդում եմ, որ ուրվագծվող լուծումը շատ ավելի ռիսկային ու վտանգավոր է, քան այն ինչ նկարագրված էր Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում»,-գրել է Սուրենյանցը: