Մադրիդի «Ռեալը» իր պաշտոնական կայքում հայտարարել է պաշտպան Լուկաս Վասկեսի հեռանալու մասին: Հուլիսի 17-ին՝ հինգշաբթի «Ռեալ Մադրիդ Սիթիում» տեղի կունենա ֆուտբոլիստի հրաժեշտի հանդիսավոր արարողությունը, որին կմասնակցի ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը:
«Ռեալ Մադրիդը» խորին շնորհակալություն և երախտագիտություն է հայտնում Լուկաս Վասկեսին՝ մեր ակումբի ամենանվիրյալ լեգենդներից մեկին», – ասվում է ակումբի պաշտոնական հաղորդագրությունում:
34-ամյա Վասկեսը «Ռեալի» սան է և ակումբի համակարգում է 2007 թվականից: Այդ ընթացքում նա «արքայականների» կազմում անցկացրել է 402 հանդիպում և նվաճել 23 տիտղոս, այդ թվում՝ 5 Չեմպիոնների լիգայի գավաթ, 5 Աշխարհի ակումբային առաջնություն, 4 ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթ, 4 Լա Լիգա, 4 Իսպանիայի Սուպերգավաթ և 1 Իսպանիայի գավաթ:
«Լուկաս Վասկեսը «Ռեալ Մադրիդի» արժեքների վառ խորհրդանիշ է, ինչի շնորհիվ նա դարձել է երկրպագուների ամենասիրելի խաղացողներից մեկը: Այս մարզաշապիկով նա մարմնավորում է աշխատասիրություն, համառություն, համեստություն և հաղթողի ոգի՝ հաջողության հասնելու համար անհրաժեշտ արժեքներ: Նա ֆուտբոլիստ է, որն արժանի է «Ռեալի» բոլոր երկրպագուների սիրուն և հարգանքին: «Ռեալ Մադրիդը» եղել է և միշտ կմնա նրա տունը»,– հայտարարել է Ֆլորենտինո Պերեսը: