s
Մայիսի 13-ից սկսած, առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները Արարատի մարզում՝ հեղեղումների ենթարկված տարածքներում, իրականացնում են հակահամաճարակային կանխարգելիչ միջոցառումներ։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ կենտրոնի մասնագետների կողմից շարունակաբար իրականացվում է ջրի որակի մշտադիտարկում, ինչպես նաև կենդանաբանական և միջատաբանական հետազոտություններ։
Տվյալ պահին Արարատի մարզում համաճարակային իրավիճակը կայուն է։ Աշխատանքները շարունակվում են։
Աղիքային վարակներից խուսափելու նպատակով ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը զգուշացնում է
. Չօգտագործե՛լ հեղեղից գոյացած ջուրը կենցաղային նպատակներով
. Չխմե՛լ աղբյուրի հում (չեռացված կամ չախտահանված) ջուր
. Օգտագործե՛լ սննդի պատրաստման և խմելու համար միայն եռացված կամ շշալցված ջուր
.Եթե նկատվում է ջրի հոտի, համի կամ գույնի փոփոխություն (պղտորություն)՝ օգտագործե՛լ այդ ջուրը միայն եռացնելուց հետո կամ կիրառե՛լ գործարանային շշալցված ջուր
. Միրգը և բանջարեղենը մանրակրկիտ լվանալ եռացված կամ շշալցված ջրով
. Օգտագործե՛լ միայն ջերմային մշակում անցած սնունդ
. Հաճախակի լվանալ ձեռքերը, օգտագործել հակասեպտիկ միջոցներ
. Չլողա՛լ հեղեղից գոյացած ջրերում։
Աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշանների դեպքում՝ լուծ, թուլություն, սրտխառնոց, փսխում, ջերմության բարձրացում, մաշկի դեղնություն, անհապաղ դիմել բժշկի: