Foto

ՆԳՆ-ն ստուգել է գնչուների և այլ վարկածներ. ի՞նչ է հայտնի փոքրիկ Տիգրանի որոնումներից

Փոքրիկ Տիգրանին տաս օրից ավելի է չեն կարողանում գտնել, և այս պահի դրությամբ ո՛չ նորություն կա, ո՛չ ռեալ վարկած, թե ի՞նչ է կատարվել փոքրիկի հետ։

Ամբողջ Հայաստանը շունչը պահած սպասում է հարցերի պատասխանին՝  ի՞նչ է եղել 2–ամյա փոքրիկի հետ, ո՞ւր է նա, արդյո՞ք, իսկապես, ընկե՞լ է գետը։ MediaHub–ն այս օրերին ուշադրության կենտրոնում է պահել այս առեղծվածային դեպքը, օրեր շարունակ ուղիղ եթերով լուսաբանել Մարմարիկ գյուղից փրկարարական ու որոնողական աշխատանքները, բայց ոչ մի նորություն դեռ չկա։

MediaHub–ին ՆԳՆ–ից հայտնեցին, որ մայիսի 14-ի վաղ առավոտից վերսկսվել են մայիսի 4-ից անհետ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները։ ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողները որոնողական աշխատանքներն իրականացում են ինչպես Մարմարիկ բնակավայրում և հարակից տարածքներում, այնպես էլ Մարմարիկ գետի երկայնքով և Աղբյուրակի ջրամբարում։

«Մինչ այս պահը որոնողական աշխատանքներին ներգրավված են մոտ 796 փրկարարներ, այդ թվում՝ ջրասուզակներ ու կինոլոգիական ծառայության աշխատակիցներ, ոստիկանության շուրջ 450 ծառայողներ, Մարմարիկի բնակիչներ և կամավորներ։ Որոնողական աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու համար կիրառվում են անօդաչու թռչող սարքեր, ջրափրկարարական նավակներ։ Ստուգվում են առաջ քաշված բոլոր վարկածները։ Զրույցներ են տարվել ավելին քան 7 տասնյակ անձանց հետ, ստուգվել են շուրջ 4 տասնյակ տրանսպորտային միջոցներ։ Որոնողական աշխատանքները շարունակվում են»,– նշեց ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

Վերջին օրերին սոցիալական ցանցերում տարածվում է մի վարկած, թե այդ օրերին գնչուներ են եղել գյուղում և հնարավոր է նրանք կապ ունեն երեխայի անհետանալու հետ: Հարցին՝ արդյո՞ք ՆԳՆ-ն ստուգել է նաև այդ վարկածը, Սարգսյանն ասաց․ «Տեղեկությունը ստուգվել է, երեխայի կորելու դեպքի հետ որևէ կապ չունի»։

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյո՞ք այս եղանակային պայմաններում ևս  որոնողական աշխատանքները շարունակվում են, մեր զրուցակիցը հավաստիացրեց՝ միայն գիշերն են դադարում դրանք։

«Կցանկանայի հասարակությանը և լրատվամիջոցներին հորդորել չճշտված տեղեկություններ չհրապարակել, ավելորդ չխաղալ մարդկանց էմոցիաների հետ: Ընտանիքը ծանր հոգեվիճակում է, ու այդ չճշտված ինֆորմացիաները որևէ կերպ չեն օգնում ո՛չ նրանց, ո՛չ էլ ստեղծված իրավիճակին»,- ասաց Սարգսյանը։

Մարիաննա Արամյան