Թրամփը պնդել է, որ ՆԱՏՕ-ի անդամները պետք է պաշտպանության համար ծախսեն ՀՆԱ-ի առնվազն 5%-ը, ինչը, սակայն, կպահանջի աննախադեպ ներդրումներ։ Այդ մասին հայտնել է Euronews-ը:
Թրամփի վարչակազմն այս շաբաթ ցանկանում է լսել, թե ինչպես են ՆԱՏՕ-ի եվրոպական անդամները և Կանադան նախատեսում ավելացնել պաշտպանական ծախսերը մինչև ՀՆԱ-ի 5%-ը։ Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ նոր մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը և հավելել, որ «Դաշինքը լուրջ սպառնալիքների առջև է կանգնած»՝ միաժամանակ չմանրամասնելով, թե ինչ սպառնալիքների մասին է խոսքը:
Ուկրաինայում ռազմական գործողությունների երրորդ տարում, ՆԱՏՕ-ի առաջնորդները համաձայնել են ՀՆԱ-ի առնվազն 2%-ը ծախսել ազգային պաշտպանության բյուջեների համար: Մինչ այժմ 32 անդամ երկրից 22-ն են դա արել, և առաջնորդները պատրաստվում են նոր նպատակ ներկայացնել հունիսի 25-ին Հաագայում կայանալիք գագաթնաժողովում։
Դեռևս դժվար է հասկանալ, թե քանի դաշնակից կարող է հասնել ՀՆԱ-ի նույնիսկ 3,5%-ին պաշտպանական ներդրումների համար, գրում է Euronews-ը: Ընդ որում՝ ԱՄՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ «պաշտպանական արդյունաբերության մեջ ցանկացած եվրոպական ներդրում պետք է ներառի նաև ամերիկյան պաշտպանական տեխնոլոգիական ընկերությունների նկատմամբ արդար վերաբերմունքը»։
Անցյալ ամիս Եվրամիությունը հայտարարել է անվտանգության ոլորտում ԱՄՆ-ի կախվածությունից ազատվելու մտադրության մասին՝ կենտրոնանալու Եվրոպայում ավելի շատ պաշտպանական սարքավորումներ գնելու ուղղությամբ: