Արծրուն Հովհաննիսյանը հրաշալի կատարեց ոչ թե Փաշինյանի, այլ Ալիևի հանձնարարությունը: Խոսքը վերաբերվում է Հանրային հեռուստատեսության եթերում Արծրունի սկանդալային հայտարարությանը, իբր, Խորհրդային Միության նկատմամբ նացիստական Գերմանիայի հնարավոր հաղթանակի դեպքում, Արևմտյան Հայաստանը կարող էր վերադարձվել մեզ՝ Գերմանիայի շնորհիվ:
Իսկ ի՞նչ կապ ունի Արծրունի այս հայտարարությունը Ալիևի հետ՝
ուղիղ և անմիջական: Ադրբեջանի նախագահը չի դադարում կրկնել, միջազգային հանրությանն
ու սեփական ժողովրդին համոզել, իբր մենք՝ հայերս, ֆաշիստ ու ռևանշիստ ենք: Նա հայ ռազմագերիների
և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ յուրօրինակ «Նյուրնբերգ» է բեմականացնում՝
նմանակելով նացիստական պարագլուխների նկատմամբ իրականացված դատավարությունը:
Իհարկե, նման իրավական ֆարսը շատ քչերին է համոզում, բայց
այն առավել «հավաստի» դարձնելու համար «կոնտրագենտ» է պետք: Այդպես եղավ Պրահայում,
երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝
ներառյալ Արցախի տարածքը: Դա էր, որ Ալիևին հնարավորություն տվեց նախ Շրջափակել Արցախը,
ապա կաշկանդել ռուս խաղաղապահների գործունեությունը և, վերջապես, հակաահաբեկչական գործողության
պատրվակով, հարձակվել Արցախի Հանրապետության վրա, այն ամբողջությամբ հայաթափել ու օկուպացնել:
Հիմա՝ երբ Հայաստանի Հանրապետության նկատմամբ հերթական ագրեսիայի
համար պատրվակը հորինված է, բայց այն հաստատող «կոնտրագենտ» է պետք, ամենամեծ սփռում
ունեցող Հանրային հեռուստատեսությամբ դաշտ նետվեց «ստրատեգ» Արծրունը: Նրա մտքերի չոր
մնացորդում հիշվելու է միայն, որ հայ ժողովրդի ամենանվիրական երազանքի իրագործումը
հնարավոր է եղել իրականացնել միայն ֆաշիստական Գերմանիայի աջակցությամբ: Այսինքն, Հայաստանում
գլուխ է բարձրացնում «ֆաշիզմի նոստալգիան», որն էլ չի կարելի թույլ տալ և պետք է ոչնչացնել
«բնօրրանում»:
Բոլոր պայմանականություններից զատ՝ հենց սա կատարեց Արծրուն
Հովհաննիսյանը:
Ի դեպ, Փաշինյանն ամենևին էլ դեմ չէ իրերի նման դասավորությանը:
Այդ ինքն էր, որ Էստոնիայում խոնահվեց կոմունիզմի զոհերի հուշարձանի առաջ՝ Մոսկվայի
շքերթին մասնակցելուց առաջ: Իսկ հիմա նա նաև արդարացում ունի՝ ինքը չի «ապացուցում»
հայերի «ֆաշիզմն ու ռևանշիզմը», դա Արծրունն արեց, Արծրունն է լինելու մեղավորը: