ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը դատարանում ընդունել է, որ խախտել է գաղտնի տեղեկությունների հետ աշխատելու կանոնները։
Ավելի վաղ նա համաձայնել էր ընդունել մեղքը առաջադրված մեղադրանքներից մեկով և վճարել ավելի քան 2 միլիոն դոլարի տուգանք։ Նրան կարող է սպառնալ մինչև 5 տարվա ազատազրկում։
2025 թվականի սեպտեմբերին Politico-ն հայտնել էր, որ ԱՄՆ Դաշնային հետաքննությունների բյուրոյի աշխատակիցները Բոլթոնի աշխատասենյակում խուզարկության ընթացքում հայտնաբերել էին գաղտնի փաստաթղթեր։ Դրանք վերաբերում էին զանգվածային ոչնչացման զենքերին, ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչությանը ՄԱԿ-ում և ամերիկյան կառավարության «ռազմավարական հաղորդակցություններին»։ 2025 թվականի օգոստոսի 22-ին խուզարկություններ էին իրականացվել ինչպես նրա բնակարանում, այնպես էլ Վաշինգտոնում գտնվող գրասենյակում, որտեղից առգրավվել էին համակարգիչներ և այլ էլեկտրոնային սարքեր։
Բոլթոնը համարվում է Վաշինգտոնի ամենակոշտ դիրքորոշում ունեցող քաղաքական գործիչներից մեկը։ Նա բազմիցս կոչ է արել ռազմական ուժ կիրառել Իրանի դեմ։ 2018–2019 թվականներին զբաղեցրել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնը, սակայն այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնանկ է արել նրան՝ քաղաքական լուրջ տարաձայնությունների պատճառով։
Իր հուշագրքում Բոլթոնը քննադատել է Թրամփի վարչակազմի աշխատանքը և ներկայացրել Սպիտակ տանը քաղաքական որոշումների կայացման մանրամասներ։ ԱՄՆ կառավարությունը պնդել էր, որ այդ գրքում նա հրապարակել է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ, այդ թվում՝ ՆԱՏՕ-ում անցկացված խորհրդակցությունների, ինչպես նաև Վենեսուելայի, Հյուսիսային Կորեայի և Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության վերաբերյալ տվյալներ։









