Foto

Ղազախստանում նախապատրաստվում են ՀԱՊԿ «Ռուբեժ-2026» համատեղ զորավարժությանը

Հունիսի 24–26-ը Ղազախստանում անցկացվել են երկրորդ շտաբային բանակցությունները՝ նվիրված ՀԱՊԿ Կենտրոնաասիական հավաքական անվտանգության տարածաշրջանի Հավաքական արագ արձագանքման ուժերի ստորաբաժանումների մասնակցությամբ «Ռուբեժ-2026» համատեղ զորավարժության կազմակերպման և անցկացման նախապատրաստմանը։

Շտաբային բանակցությունների ընթացքում համաձայնեցվել են զորավարժության մտահղացումը, ազգային զորախմբերի ժամանման ժամկետներն ու կարգը, գործնական գործողությունների խաղարկման ընթացակարգը, ինչպես նաև համակողմանի ապահովման կազմակերպման հետ կապված հարցերը։

Իրականացվել է զորավարժության անցկացման վայրի տեղազննում` «Կոկտալ» զորավարժարանում։

Կենտրոնաասիական տարածաշրջանի Հավաքական արագ արձագանքման ուժերը նախատեսված են ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական անվտանգության ապահովման խնդիրների կատարման համար, այդ թվում՝ արտաքին ռազմական ագրեսիայի հետմղմանը և համատեղ հակաահաբեկչական գործողությունների իրականացմանը մասնակցելու նպատակով։

Ազգային զորախմբերի կազմում ՀԱՊԿ անդամ պետությունները հատկացնում են մշտական մարտական պատրաստականության զորամասեր և ստորաբաժանումներ, որոնք համալրված են ժամանակակից սպառազինությամբ, ռազմական և հատուկ տեխնիկայով։