Foto

Սլովակիայի վարչապետը ժամանեց Երևան

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն ժամանեց Երևան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։ «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ «Զվարթնոց» օդանավակայանում Սլովակիայի վարչապետին դիմավորեց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։


Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը մայիսի 4-ին անցկացվում է Երևանում՝ «Կառուցելով ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում» թեմայով։

Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովն անցկացվել է Չեխիայի մայրաքաղաք Պրահայում՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին։ Դրանից հետո գագաթնաժողովը հաջորդաբար անցկացվել է Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում, Իսպանիայի Գրանադա քաղաքում, Միացյալ Թագավորության Օքսֆորդշիր քաղաքում, Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում, Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում։

Եվրոպական քաղաքական համայնքը միավորում է մոտ 50 եվրոպական երկրների  առաջնորդներին՝ հավասար հիմունքներով, միասնության ոգով և ընդհանուր նպատակով։Այն տրամադրում է քաղաքական հարթակ՝ խթանելու քաղաքական երկխոսությունը և համագործակցությունը՝ ընդհանուր հետաքրքրության հարցերը հասցեագրելու համար, ամրապնդելու Եվրոպական մայրցամաքի անվտանգությունը, կայունությունը և բարգավաճումը։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը եվրոպական առաջնորդներին հարթակ է տրամադրում փորձի փոխանակման և համագործակցության ընդլայնման։ Այն չի փոխարինում գոյություն ունեցող որևէ կազմակերպության, կառույցի կամ գործընթացի։