ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ-ի եվրոպական դաշնակիցներն սկսել են արագորեն լոգիստիկ և այլ աջակցություն կազմակերպել Իրանի շուրջ հակամարտության շրջանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, որը մասնակցում է Հայաստանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։
ՆԱՏՕ-ի անդամ Իսպանիան հայտարարել էր, որ իր տարածքի ռազմաբազաները չեն կարող օգտագործվել Իրանի դեմ պատերազմի համար։ Ռյուտեի խոսքով ՆԱՏՕ-ի այլ երկրները, օրինակ՝ Չեռնոգորիան, Խորվաթիան, Ռումինիան, Պորտուգալիան, Հունաստանը, Իտալիան, Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան, իրականացնում են ռազմաբազաների օգտագործման դիմումները և այլ լոգիստիկ աջակցություն են ցուցաբերում։
«Ավելի ու ավելի շատ եվրոպական երկրներ են ռազմական գործողությունների թատերաբեմի մերձակայքում նախապես տեղակայում անհրաժեշտ լոգիստիկ և այլ օժանդակություն, օրինակ՝ ականորս նավեր, հաջորդ փուլին պատրաստ լինելու համար», - ասել է նա լրագրողներին։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ ԱՄՆ-ն վերջին շրջանում դժգոհություն է հայտնել իր դաշնակիցներից, բայց Եվրոպայի երկրները «հասկացել են ԱՄՆ նախագահի ուղերձը» և այժմ աշխատում են, որ ԱՄՆ-ի կողմից եվրոպական ռազմաբազաների օգտագործման վերաբերյալ համաձայնագրերն իրագործվեն։
«Հիմա նրանք այնպես են անում, որ իրականացվեն (ԱՄՆ-ի հետ) երկկողմ համաձայնագրերը՝ կապված ռազմաբազաներում տեղակայման հետ», - ասել է նա։
Ռյուտեն նաև նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը Գերմանիայից 5000 ամերիկացի զինվորականի դուրսբերման մասին պայմանավորված է նրանով, որ ԱՄՆ-ն հիասթափված է իր եվրոպացի դաշնակիցներից։









