Հաշվետու տարվա ընթացքում Քննչական կոմիտեի ստորաբաժանումների կողմից ընդունվել է 74.893 հաղորդում, որոնցից 57.670-ով նախաձեռնվել է քրեական վարույթ, 17.221-ով քրեական վարույթ չի նախաձեռնվել, իսկ եւս 649 վարույթ նախաձեռնվել է այլ քրեական վարույթների նախաքննության շրջանակներում: Այս մասին ասել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը` ապրիլի 16-ին գումարված ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ներկայացնելով ՀՀ քննչական կոմիտեի 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից։
Քննչական կոմիտեի նախագահի խոսքով 2025 թվականին քննվել է ընդհանուր 224.444 քրեական վարույթ` նախորդ տարվա 207.132-ի դիմաց:
Արթուր Պողոսյանն ընդգծել է, որ հաշվետու ժամանակահատվածում քննիչների միջին ծանրաբեռնվածությունն աճել է. 2025 թվականին մեկ քննիչի բաժին է ընկել միջինում 350 քրեական վարույթ` 2024 թվականի 319-ի դիմաց:
Հաշվետու տարվա ընթացքում դատարան է ուղարկվել 15.530 քրեական վարույթ 15.303 անձի վերաբերյալ: Նախորդ տարի դատարան էր ուղարկվել 11.825 վարույթ 12.805 անձի վերաբերյալ: Այսպիսով, դատարան ուղարկված վարույթների թիվն աճել է 2825-ով, իսկ անձանց թիվը` 2728-ով: Մեղադրյալի կարգավիճակ է ունեցել 16.294 անձ` նախորդ տարվա 13.262-ի դիմաց:
Նշվել է, որ 2025 թվականին ձերբակալվել է 7457 անձ: Կալանք կիրառելու վերաբերյալ ներկայացվել է 3063 միջնորդություն` նախորդ տարվա 3095-ի համեմատ: Այսինքն` կալանքի կիրառման դեպքերը նվազել են 4,6 տոկոսով: Աճել են այլընտրանքային խափան միջոցների, մասնավորապես` գրավի եւ վարչական հսկողության կիրառման դեպքերը:
Քննչական կոմիտեի ներկայացրած տվյալների համաձայն` նախաքննության ընթացքում ներկայացվել է 11.793 միջնորդություն խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու համար` նախորդ տարվա 8694-ի դիմաց: Պատճառված գույքային վնասի վերականգնման մասով արձանագրվել է աննախադեպ ցուցանիշ: 2025 թվականին վերականգնվել է ընդհանուր 47.129.552.000 դրամ:
Արթուր Պողոսյանի խոսքով 2025 թվականին ծառայության հետ կապված սպանության դեպքեր չեն արձանագրվել: 2024 թվականին արձանագրվել էր 5 դեպք 5 անձի վերաբերյալ: Հակառակորդի կողմից կատարված սպանություններ եւս չեն արձանագրվել:
2025 թվականին քննվել է 643 կոռուպցիոն բնույթի քրեական վարույթ: Դրանցից 55-ն ավարտվել են եւ մեղադրական եզրակացությամբ 145 մեղադրյալի նկատմամբ ուղարկվել դատարան:
Նշվել է, որ խոսքը վերաբերում է այն վարույթներին, որոնք քննվել են մինչեւ Հակակոռուպցիոն կոմիտեի ձեւավորումը: Այդ գործերով պատճառված վնասը կազմել է 7.222.701.000 դրամ, որից վերականգնվել է 3.290.009.120 դրամ:
Քննչական կոմիտեն արձանագրել է, որ 2025 թվականն աչքի է ընկել ինչպես վարույթների թվի աճով, այնպես էլ արդյունավետության բարձրացմամբ եւ գույքային վնասի վերականգնման աննախադեպ ցուցանիշով:
Զեկուցողը պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ:
Հանձնաժողովը հաշվետվությունն ընդունել է ի գիտություն:









