Foto

Ուկրաինան և ՌԴ-ն համաձայնության են եկել Զապորոժիեի ԱԷԿ-ի վերանորոգման համար տեղային հրադադարի շուրջ

Ուկրաինան և Ռուսաստանի Դաշնությունը համաձայնության են եկել տեղային հրադադարի շուրջ՝ Զապորոժիեի ատոմակայանը սնուցող բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի վերանորոգման համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվում է X հարթակում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գրառման մեջ։

«Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջնորդությամբ կնքված ևս մեկ տեղային հրադադար այժմ ուժի մեջ է մտել՝ Զապորոժիեի ատոմակայանի 330 կՎ լարման պահուստային էլեկտրամատակարարումը վերականգնելու համար», – նշված է գրառման մեջ։

ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի խոսքով՝ ականազերծման աշխատանքները շարունակվում են՝ վերանորոգման խմբերի անվտանգ մուտքն ապահովելու համար։

Վերջին ամիսներին Ուկրաինայի և Ռուսաստանի միջև մի քանի տեղային հրադադար է հայտարարվել, որոնց ընթացքում վերանորոգման խմբերը վերականգնել են վնասված էլեկտրահաղորդման գծերը։

Գրոսին ավելի վաղ հայտարարել էր, որ հունվարին գործակալությունը խորհրդակցություններ է սկսել Զապորոժիեի ատոմակայանի վնասված 330 կՎ լարման բաշխիչ սարքից մոտավորապես 10 կիլոմետր հեռավորության վրա ժամանակավոր հրադադարի գոտի հաստատելու վերաբերյալ։

Մարտական ​​գործողությունների պատճառով վերջին պահեստային 330 կՎ էլեկտրահաղորդման գիծն անջատվել է, և կայանն այժմ կախված է միայն մեկ գործող 750 կՎ լարման գծից։