Հունվարի 9-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են հավաստի օպերատիվ տեղեկություններ, որ «Եղեգն» ռեստորանային համալիրի տարածքում վիճաբանություն է տեղի ունենում, հաղորդում է Shamshyan.com–ը։
Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները պարզել են, որ զինծառայության մեկնելու միջոցառման ժամանակ ալկոհոլի ազդեցության տակ Վայոց ձորի մարզի բնակիչ 35-ամյա Լյովա Է․-ն վիճաբանել է Վայոց ձորի մարզի բնակիչներ 33-ամյա Արթուր Ս․-ի և 44-ամյա Գևորգ Մ․-ի հետ, որի ընթացքում հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, որը դրսևորվել է մարդկանց անդորրը հայհոյանքներով կամ անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով և արարողությունը խոչընդոտելով դուրս են եկել ռեստորանի բակ, որտեղ միմյանց հասցեներին հնչեցրել են հայհոյանքներ և հարվածել միմյանց՝ անտեսելով միջոցառման մասնակիցների կողմից վիճաբանությունը դադարեցնելու վերաբերյալ վերջիններիս ներկայացված պահանջը։
Կայքի տեղեկություններով՝ ոստիկանության ծառայողները ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Գևորգ Մ․-ին և Լյովա Է․-ին հայտնաբերել, ձերբակալել և տեղափոխվել են ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որտեղ Գևորգ Մ․-ն գտնվելով ակնհայտ ոչ սթափ վիճակում բերված անձանց պահման խցում շարունակել է իր հակահասարակական վարքագիծը և անտեսելով ոստիկանության ծառայողների կողմից հայհոյանքները դադարեցնելու վերաբերյալ ներկայացված օրինական պահանջը, շարունակել է սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել ոստիկանության ծառայողների հասցեներին, ոտքերով հարվածներ է հասցրել խցի պատերին և մետաղական դռանը, վնասել դրանք՝ խաթարել բնականոն աշխատանքը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել ոստիկանության նկատմամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Եղեգնաձորի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն։









