Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը և համատեղ հռչակագրի ընդունումը խաղաղություն հաստատեց Հարավային Կովկասում, և դա տեսանելի է նաև միջազգային կազմակերպությունների և բազմակողմ հարթակների շրջանակներում իրականացվող աշխատանքներում․ այդ խաղաղությունը ՀՀ-ին հնարավորություն է տալիս առավել ակտիվ ներգրավվել տարբեր գործընթացներում և առաջ մղել սեփական օրակարգը։
«Արմենպրես»-ի «Փոդքասթ» հաղորդման շրջանակում այս մասին նշեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն՝ ամփոփելով հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ 2025 թվականին միջազգային կազմակերպություններում և բազմակողմ հարթակներում Հայաստանի գրանցած հաջողությունները, առկա մարտահրավերները։ Փոխնախարարը ներկայացրեց նաև ընթացիկ տարում սպասվող իրադարձություները։
«Հիրավի, 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը և համատեղ հռչակագրի ընդունումը խաղաղություն հաստատեց տարածաշրջանում, և այդ խաղաղությունը տեսանելի է նաև միջազգային կազմակերպությունների և բազմակողմ հարթակների շրջանակներում իրականացվող աշխատանքների վրա՝ փոխելով ընդհանուր քաղաքական միջավայրը»,-ընդգծեց փոխնախարարը։
Նա նկատեց, որ եթե, օրինակ, նախկինում բազմակողմ հարթակներում այս կամ այն նախաձեռնության համար հաճախ ստեղծվում էին արհեստական խոչընդոտներ, այժմ դրանք նվազել են կամ էլ իսպառ բացակայում են։
«Սա Հայաստանին հնարավորություն է տալիս առավել ակտիվ ներգրավվել տարբեր գործընթացներում և առաջ մղել սեփական օրակարգը։ Կարելի է ասել, որ հաստատված խաղաղության արդյունքում Հայաստանը միջազգային կազմակերպությունների շրջանակներում անվտանգային հարցերի հետ մեկտեղ, առավել ակտիվորեն ներգրավվել է նաև զարգացման օրակարգի, տնտեսական ենթակառուցվածքների, կլիմայի հարցերում, ինչը չափազանց կարևոր է Հայաստանի համար»,-ասաց փոխնախարարը։
ԱԳ փոխնախարարի խոսքով՝ 2025 թվականի երկարատև բացից հետո Հայաստանի ներկայացմամբ կամ անմիջական ներգրավվածությամբ միջազգային կազմակերպություններում, այդ թվում՝ ՄԱԿ-ի մարմիններում, ընդունվել է 4 բանաձև, ինչը, փոխնախարարի խոսքով, մեկ տարվա համար աննախադեպ թիվ է․ դրանց թվում են՝ Ցեղասպանությունների կանխարգելման կոնվենցիայի հիշատակի օրվա տասնամյակին նվիրված բանաձևը, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության շրջանակներում շրջանաձև տնտեսության վերաբերյալ բանաձևը և ևս երկու բանաձևեր՝ ընդունված ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում՝ Փոքր կղզի պետություններին նվիրված օրվան, ինչպես նաև մշակութային ժառանգության պաշտպանության ոլորտում նոր և նորագույն տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ։
«Միջազգային կազմակերպությունների շրջանակներում առնվազն 2025 թվականից սկսած՝ Հայաստանը փորձում է ներգրավվել առավել դրական օրակարգով՝ հանդես գալով որպես կառուցողական և գործընկերային երկիր, վայելելով մյուս գործընկերների վստահությունը։ Վերջին տարիներին Հայաստանը դիրքավորվում է որպես միջազգային կազմակերպությունների դրական օրակարգն առաջ մղող պետություն, որն իր հերթին ոչ միայն այդ հարթակների շրջանակներում այս կամ այն երկրի հետ համագործակցության հնարավորություն է ստեղծում, այլև հնարավորություն է տալիս այդ համագործակցությունը տեղափոխել նաև երկկողմ դաշտ»,-շեշտեց ԱԳ նախարարի տեղակալը։
Խոսելով բազմակողմ արտաքին քաղաքականություն վարելիս Հայաստանի համար մարտահրավերների և բարդությունների մասին՝ Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարծիք հայտնեց, որ միջազգային կազմակերպությունների և բազմակողմ հարթակների աշխատանքում առկա մարտահրավերները կրում են համընդհանուր բնույթ և, թերևս, տեղին չէ նշել միայն Հայաստանի համար գոյություն ունեցող մարտահրավերների մասին։









