Երկու հոլանդացի դեռահասներ մահացած են գտնվել Ստամբուլի իրենց հյուրանոցի համարում, իսկ նրանց հայրը հոսպիտալացվել է։ Սկզբնական կասկածները կապված են ռեստորանում նրանց կերած ուտելիքի հետ։
15 և 17 տարեկան տղաները մահացած են եղել, երբ ոստիկանությունն ու շտապ օգնության բժիշկները ժամանել են Ստամբուլի Ֆաթիհ թաղամասի հյուրանոց, որտեղ նրանք կանգ էին առել։ Այս մասին հայտնում է NTV հեռուստաալիքը։ Հյուրանոցը գտնվում է Կապույտ մզկիթի և Գրանդ բազարի մոտ։
«Երբ նրանք ժամանեցին, շտապօգնության բժիշկները հաստատեցին, որ երկու երեխաները մահացած են: Հայրը շոկային վիճակում է եղել և շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց», – հաղորդել է հեռուստաալիքը:
Ըստ լրատվամիջոցների՝ նրանք հանգստի են մեկնել Թուրքիա և ենթադրաբար գնացել են Ստամբուլի Թաքսիմ տուրիստական թաղամասում ընթրելու։ 57-ամյա հայրը ոստիկանությանը հայտնել է, որ որդիների հետ եղել է Թաքսիմ հրապարակում, «բայց ոչինչ չի կերել»,- հայտնել է թուրքական Haber պարբերականը։ Ավելի ուշ, նույն երեկոյան, հյուրանոց վերադառնալուց հետո, հայրը կանչել է տղաներին, բայց նրանք չեն պատասխանել։ Հյուրանոցի աշխատակից Մեհմեթ Քըրդաղը լսել է, թե ինչպես է հայրը օգնություն կանչում, հայտնում է NTV հեռուստաալիքը։
«Երբ դուռը թակեցի ու ներս մտա, երկու տղաներն էլ մահացած էին, մեկը պառկած էր մահճակալին, իսկ մյուսը՝ հատակին… Երբ շտապօգնության բժիշկները ժամանեցին, երկու երիտասարդներն էլ մահացած էին։ Հայրը շոկի մեջ էր», – ասել է Քըրդաղը։