Foto

Արտաշատ-Դալար ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն օգոստոսի 22-ին ժամը 22։57-ին տեղեկություն է ստացվել, որ Արտաշատ-Դալար ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ, առկա է գազի արտահոսք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, պարզվել է, որ Արտաշատ-Դալար ավտոճանապարհի 1-ին կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվելով հայտնվել ճամփեզրին։  

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և երկու ուղևոր դուրս են բերվել ավտոմեքենայից տեղի ուժերով և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։ 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և մեկ ուղևորի մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։