ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ալյասկայում անցկացվելիք հանդիպման ժամանակ չեն կարողանա Ուկրաինայի վերաբերյալ որևէ որոշում ընդունել։ Առանց Կիևի մասնակցության դա անհնար է։ Ըստ РБК-Украина-ի՝ ուկրաինական երիտասարդական «Երիտասարդությունը այստեղ է» ֆորումի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նա նշել է, որ Թրամփի և Պուտինի միջև բանակցությունները կարևոր են ցանկացած դեպքում։ Սակայն Ուկրաինայի մասին խոսել առանց Ուկրաինայի անհնար է, և ոչ ոք չի ընդունի նման ձևաչափ։
«Հետևաբար, ԱՄՆ նախագահի և Պուտինի միջև զրույցը, անշուշտ, կարող է կարևոր լինել նրանց երկկողմանի ուղու համար։ Բայց նրանք չեն կարող առանց մեզ Ուկրաինայի վերաբերյալ որևէ որոշում ընդունել»,- ընդգծել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը հույս է հայտնել, որ Թրամփը գիտակցում է այդ սկզբունքը։
Զելենսկին վստահ է նաև, որ ապագայում կհանդիպի Պուտինի և Թրամփի հետ, քանի որ նման գագաթնաժողով անհրաժեշտ է, եթե կա պատերազմը դադարեցնելու ցանկություն։
«Մենք կպաշտպանենք մեր ճշմարտությունը, կանենք ամեն ինչ՝ այս պատերազմն ավարտելու համար։ Եվ կան բաներ, որոնք քո սրտում են, կան բաներ, որոնք քո Սահմանադրության մեջ են»,- հավելել է նա։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա ռուսաստանցի գործընկեր Վլադիմիր Պուտինի հանդիպումը նախատեսված է ուրբաթ՝ օգոստոսի 15-ին, Ալյասկայում։