Foto

Բացառվում է, որ դիվերuիա լիներ, Ազատ գյուղ հասնելու համար պետք է առաջնագիծը հատեին․ վկա

Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով վկան բացառում է դիվերսիան։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վարդան Հարությունյանի նախագահությամբ, շարունակվում է Ազատի զինվորական կացարանում 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով վկա Շիրազ Խաչատրյանի հարցաքննությունը։  Վկան, որը թիկունքի պետն է եղել և դեպքի ժամանակ մասնակցել է դիակների դուրսբերման աշխատանքներին, դատարանում հայտարարեց, որ տեղեկություն չունի՝ Սասուն Միքայելյանը, որևէ քրեական հեղինակություն զորամասի տարածք այցելել են, թե ոչ, վկան նաև տեղեկություն չունի, թե արդյո՞ք որևէ զինծառայողի ծեծի ենթարկել են, թե ոչ։

Մեղադրյալներից բոլորին վկան ճանաչում է, Եղիշե Հակոբյանին ճանաչել է որպես սպա, անձնական շփում չի եղել, հաճախակի տեսել է վաշտի հրամանատարին, Գոռ Աղեկյանին կարող է ներկայացնել։ Դեպքի օրը անձնակազմի կողմից ականների տեղափոխման վերաբերյալ տեղեկություն վկան չունի, նշում է՝  դեպքի օրը՝ ամսի 18-ին, դասակի հրամանատարը՝ երեք զինվորի հետ բանակային կորպուսում է եղել, համազգեստ է տրամադրել, վերջիններս պահեստից վերցրել և դուրս են եկել։  Ինչ վերաբերում է սնունդի բավարարմանը, տուժողների իրավահաջորդ Նորայր Նորիկյանը նկատեց՝ այդ երեխաներին կարող էին թունավորել, ինչպես էր ապահովվում սննդի անվտանգությունը՝ վկան նշեց՝ ինչպես մարտական հենակետերում են հատկացնում, այդպես էլ՝ իրենց, բացի այդ, երբ տաք ճաշ է պատրաստվել ճաշարանում, հատուկ ծառայությունը բաշխում է իրականացրել, պահածոյացված սնունդ է եղել, միայն հաց և երշիկ է եղել՝ շուտ փչացող։   Նորիկյանի հարցին՝ դեպքի վայրը տեսնելով, կարո՞ղ էր ենթադրել, որ հրդեհը բռնկվել է պայթյունի հետևանքով, Շիրազ Խաչատրյանը պատասխանեց, որ չի կարող մեկնաբանել, թե ինչի հետևանքով է տեղի ունեցել պայթյունը։ Նա նշեց, որ իրեն թե՛ այդ օրը, թե դրանից հետո ասել են, որ հրդեհը բռնկվել է սպայի կողմից վառարանը բենզինի տարայով վառելու ժամանակ։ Նրա խոսքով՝ նա այլևս ոչ ոքի հետ չի քննարկել դեպքը՝ հաշվի առնելով վկայի իր դատավարական կարգավիճակը։ Ի վերջո, ինչից է եղել դեպքը՝ վկան չգիտի, միևնույն ժամանակ, չի կարծում, որ կարող է դիվերսիա լիներ, նշում է՝ բացառում է, որ դիվերսիա մտներ Ազատ գյուղ, որովհետև դրա համար պետք է ամբողջ առաջնագիծը հատեր, այսինքն՝ առաջնագծում պետք է ինչ-որ մեկին վնասեին, որ գյուղ հասնեին։ 

Հիշեցնենք, որ ողբերգական դեպքը տեղի է ունեցել հունվարի 19-ին՝ ժամը 01.30-ի սահմաններում, որի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, երեքը՝ տեղափոխվել Այրվածքաբանության ազգային կենտրոն, նրանցից երկուսը, այդ թվում, կապիտանը՝ տևական ժամանակ վերակենդանացման բաժանմունքում են գտնվել։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ։ Քրեական վարույթի շրջանակներում որոշումներ են կայացվել տուժող ճանաչելու մասին։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է նաև մեկ այլ առանձին վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Նշված քրեական վարույթը միացվել է մայր գործին, համատեղ քննություն է իրականացվում։ Քրեական գործով այս պահին արդեն կա 4 մեղադրյալ, որից երկուսը կալանքի տակ են։ 4-րդ մեղադրյալը կապիտանն է, որն, ըստ Ն. Փաշինյանի կողմից կառավարության նիստում շրջանառության մեջ դրված վարկածի, փորձել է ավտոբենզինով վառել վառարանը։ Կապիտանը, ինչպես հայտնի է եւս այրվածքներ էր ստացել ու տևական ժամանակ գտնվում էր հիվանդանոցում, իսկ տուժող կողմը սկսել էր սեփական հետաքննությունն իրականացնել՝ չվստահելով պաշտոնական վարկածին։ Քրեական գործով ընդհանուր առմամբ հինգ մեղադրյալ կա։ Գործն այժմ գտնվում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Հարությունյանի վարույթում։ Գործով այդպես էլ չի պարզվել, թե ինչու զինվորները չեն կարողացել դուրս գալ բռնկված կացարանից։