Foto

Հայաստանը նորից գնում է միակողմանի զիջումների․ Կարպիս Փաշոյան

Լրագրող, հրապարակախոս Կարպիս Փաշոյանը գրում է․ ««Օրհնվի՛ էն սհաթը, որ ամերիկացու օրհնած ոտը Հայոց լիս աշխարհը մտավ ու ռուսի անիծած, չար շունչը մեր երկրիցը հալածեց… »։

Թո՛ղ ների ինձ Աբովյանը իր տողերը խմբագրելու համար, բայց միայն այդպես հնարավոր կլիներ նկարեգրել համընդհանուր այն փսիխոզը, որը պատել է հայ առաջադեմ շրջանակներին և քաղ․ հասարակության ներկայացուցիչներին։ Կուրացած և համրացած Վաշինգտոնյան վառ ու պսպղուն գույներից, բարդութավորված իմպերիալիստական ուշադրությունից և ճոխ խոսքերից՝ նրանք պատրաստ են ուրանալ անցյալը և չտեսնելու տալ աղետաբեր ապագան։ Միայն թե թուղթը ստորագրվի, ռուսները դուրս մղվեն, Ալիևը հանդարտվի, Էրդողանը բավարարվի, Նիկոլ Փաշինյանը վերընտրվի, իսկ Թրամփն էլ երաշխավորի հայ մարդու խաղաղ ու հարմարավետ կյանքը։

Զուգահեռ իրականությունում իշխանությունն ու արևմտամետ պրոպագանդիստները քարոզչական դիվերսիա են իրականացնում հայ ժողովրդի դեմ։ Ամերիկյան ներդրումներ ու խաղաղություն են խոստանում, Հայաստանի վրայով անցնող Ադրբեջան-Նախիջևան հատուկ ռեժիմով ճանապարհը (միջանցքը) նույնացնում են Զվարթնոց օդանավակայանի ռեժիմի հետ։ Ամերիկյան հովանու ներքո կարգավորումը ներկայացնում են որպես Աստծո (Թրամփի) պարգև՝ փոխարենը Նոյեմբերի 9-ի հայտարարությունը դիտարկում են որպես սատանայական փորձություն, որը մենք հաղթահարեցինք անապատում տարիներ շարունակ թափառելիս։

Զուգահեռ իրականությունում Հայաստանը նորից գնում է միակողմանի զիջումների։ Առանց փոխադարձության սկզբունքի, հենց այնպես տրամադրում է ճանապարհ/միջանցք։ Իհարկե դրան այլևս միջանցք չեն անվանում։ Նոյեմբերի 9-ի 9-րդ կետը բոլորը միջանցք էին անվանում, այն դեպքում, երբ այնտեղ այդ բառը բացակայում էր։ Փաշինյանական պրոպագանդան կարծում է, թե իրերի էությունը կարելի է փոխել այս կամ այն անունը տալով կամ էլ չտալով։ Եվ բազմաչարչար հայ ժողովուրդը կհավատա։

Համընդհանուր փսիխոզի համատեքստում մարդիկ թքած ունեն, թե ինչ կարող է լինել վաղը։ Նրանք ուզում են գրչի մի հարվածով լուծել բոլոր հարցերը հիմա, այս պահին և այս տեղում։ Հայաստանի առջև ծառացած վտանգներն ու ռիսկերը անտեսված են։ Այն դեպքում, երբ վերլուծությունները ցույց են տալիս, որ Թրամփյան այս կտրուկ ներգրավվածությունը, կարծես թե, երկաժամկետություն չի ենթադրում։ Ավելին՝ Թրամփի վարչակազմը կարծես թե ռազմավարական ծրագրեր էլ չունի այս տարածաշրջանում երկարատև կայունություն ապահովելու համար։ Պոպուլիզմից, անձնական հիվանդագին ամբիցիաներից, հակաինստիտուցիոնալ քայլերից և հողի վրա հիմք չունեցող տեքստերից անդին իրավիճակը մշուշոտ է ու քիչ հասկանալի։

Լուրջ մտավախություն կա, որ Հայաստանը կարող է գերտերությունների և ռեգիոնալ պետությունների հակամարտության թատերաբեմ դառնալ։ Ստեղծված այս իրավիճակում #հակամիջանցքը դառնում է էլ ավելի արդիական և պահանջված»։