Foto

Մահմուդ Աբբասը հայտարարել է, որ ջանքեր կգործադրի բոլոր մակարդակներում՝ Իսրայելին կանգնեցնելու համար

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը հայտարարել է, որ կշարունակի իր քաղաքական ջանքերը բոլոր մակարդակներում, որպեսզի կասեցնի Գազայի հատվածում ռազմական գործողության ընդլայնման Իսրայելի պլանները: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է WAFA գործակալությունից, այս մասին նա ասել է Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ի հետ հեռախոսազրույցի ժամանակ: 

«Նախագահը հաստատել է, որ կշարունակի իր քաղաքական ջանքերը բոլոր մակարդակներում, այդ թվում՝ դիմելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, Արաբական պետությունների լիգային և Իսլամական համագործակցության կազմակերպությանը՝ այս ծրագրերի դեմ միջազգային ու տարածաշրջանային աջակցություն ստանալու համար», - ասվում է Աբբասի գրասենյակի հայտարարության մեջ, որը հրապարակել է WAFA գործակալությունը:

Աբբասը Գազան գրավելու Իսրայելի կաբինետի որոշումը համարել է «նոր հանցագործություն, որն ավելացել է Արևմտյան ափին Իսրայելի իրականացրած հանցագործությունների շարքին», և «պահանջել է այն անհապաղ դադարեցնել»: 

Նա ընդգծել է, որ հարկավոր է հաստատել հրադադար, ազատ արձակել պատանդներին ու բանտարկյալներին և Պաղեստինի Պետությանը հնարավորություն տալ՝ ստանձնելու Գազայի հատվածի ամբողջական պատասխանատվությունը:

Հորդանանի միապետի հետ զրույցից հետո, WAFA-ի տեղեկատվությամբ, Աբբասը հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ: 

Օգոստոսի 8-ի առավոտյան Իսրայելի անվտանգության կաբինետը հաստատել է Գազա քաղաքը վերահսկողության տակ վերցնելու ծրագիրը, որում ներկայացվում են պատերազմին վերջ դնելու հետևյալ հինգ սկզբունքները՝ ՀԱՄԱՍ-ի զինաթափում, բոլոր պատանդների վերադարձ՝ ինչպես մահացած, այնպես էլ ողջ մնացած, Գազայի հատվածի ապառազմականացում, Գազայի հատվածի նկատմամբ Իսրայելի անվտանգային վերահսկողություն և այլընտրանքային քաղաքացիական կառավարության ստեղծում, որը չի լինի ո՛չ ՀԱՄԱՍ-ը, ո՛չ Պաղեստինյան ինքնավարությունը։