Foto

Մեկնարկել է Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Վայոց ձոր. այցելել է ՊՆ մոդուլային տիպի զորամաս

Մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Վայոց ձորի մարզ:

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Պաշտպանության նախարարության մոդուլային տիպի զորամասերից մեկը։

Այցի ընթացքում Պաշտպանը հրամանատարական կազմի և ՄԻՊ ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջայց է կատարել զորամասի տարածքում և տեղում ծանոթացել զինծառայողների կեցության պայմաններին, տրամադրվող բուժսպասարկման և սննդի որակին։

Հրամանատարական կազմի հետ քննարկվել են զինված ուժերում մարդու իրավունքներին վերաբերելի հարցեր, այդ թվում՝ կին զինծառայողների իրավունքների, զինծառայողների սոցիալական ապահովության, կարգապահության բարձրացման, զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի, առողջության պահպանման իրավունքի, բնակարանային ապահովության, սպա-հոգեբանի ինստիտուտի և մի շարք այլ կարևոր թեմաների վերաբերյալ։

Պաշտպանը վերահաստատել է, որ զինծառայողների և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանությունն իր գործունեության առաջնահերթություններից է։

Ոլորտային խնդիրներն ամփոփվում են Պաշտպանի աշխատակազմում, և լուծման առաջարկներով հասցեավորվում ըստ իրավասության։

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է Պաշտպանության նախարարության հետ ձևավորված բարձր մակարդակի համագործակցությունը, որը շարունակաբար իր դրական ազդեցությունն է ունենում զինված ուժերում մարդու իրավունքներին վերաբերելի բազմաթիվ հարցերին լուծումներ գտնելու շրջանակներում: