«ՍՈԳԼԱՍԻԵ-ԱՐՄԵՆԻԱ» ՓԲ ընկերության իրավաբանական խումբը ստիպված
է անդրադառնալ ՀՀ գլխավոր դատախազության 2025թ. օգոստոսի 1-ի հայտարարության վերաբերյալ
Հանրային հեռուստաընկերության (Հ1) ռեպորտաժին, քանի որ այն ձևավորել է հանրային թյուր
կարծիք և շարունակում է անհիմն շահարկումների առիթ դառնալ, ինչն էլ վնասում է Ընկերության
համբավին և անհարկի արծարծում է սեփականատիրոջ՝ ՌՀՄ նախագահ, ՅՈՒՆԵՍՕ-ի բարի կամքի
դեսպան Արա Աբրահամյանի անունը:
«ՍՈԳԼԱՍԻԵ-ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ն հայտարարում է, որ Հանրային հեռուստաընկերությամբ
տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և զուրկ է իրավական ու
փաստական հիմքերից։ Մասնավորապես՝ Հ1-ը ներկայացրել է միայն դատախազության տեսակետը:
Լրատվականը կապ չի հաստատել «ՍՈԳԼԱՍԻԵ-ԱՐՄԵՆԻԱ» ՓԲ ընկերության իրավաբանական խմբի կամ
մամուլի ծառայության հետ: Նույնիսկ չի անդրադարձել «ՍՈԳԼԱՍԻԵ-ԱՐՄԵՆԻԱ» ՓԲ ընկերության
տարածած հողորդագրությանը՝ Հակակոռուպցիոն դատարանի վճռի վերաբերյալ:
Դատախազության հայտարարությունը արվել է՝ հենվելով 2025թ. հուլիսի
25-ի ՀՀ հակակոռուպցիոն դատարանի այն վճռի վրա, որը դեռևս օրինական ուժ չի ստացել։
Այսպիսով, խախտվել է «ՍՈԳԼԱՍԻԵ-ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված արդար
դատաքննության իրավունքը։ Հանրային հեռուստաընկերությունը ձևավորել է որոշակի հանրային
կարծիք՝ մոլորության մեջ գցելով հասարակությանը։ ՀՀ գլխավոր դատախազության պնդումը,
իբր Ընկերությունը չի հիմնավորել, թե ինչու 2859.0 քմ հողամասը չի կառուցապատվել և
չի ներկայացրել համապատասխան քաղաքաշինական փաստաթղթեր (ճարտարապետահատակագծային առաջադրանքներ
կամ շինարարության թույլտվություններ), չի համապատասխանում իրականությանը։
Դատական պրոցեսի ընթացքում Ընկերությունը ներկայացրել է բոլոր անհրաժեշտ
ապացույցները, որոնք փաստում են, որ․
• 2859.0 քմ հողամասը փաստացի օգտագործվել է կառուցապատման իրավունքով
և շարունակում է օգտագործվել:
• Հողամասը հանդիսացել է 10.000 քմ ընդհանուր հողատարածքի բաղկացուցիչ
մաս, որի շուրջ 70 %-ն արդեն կառուցապատվել է։
Ընկերության իրականացրած գործողությունները՝
• Քանդման աշխատանքներ՝ Երևանի քաղաքապետարանի 20.06.2013թ․ տրված
քանդման թույլտվության հիման վրա, փոսորակի ձևավորում և տարածքի նախապատրաստում շինարարության
համար:
• Երեք ճարտարապետահատակագծային առաջադրանքների ստացում՝ 2014թ․-ից
մինչև 2018թվականը:
• Հյուրանոցային համալիրի նախագծերի պատվիրում և ստացում՝ միջազգային
հեղինակավոր նախագծային ընկերություններից:
• Ներդրումային ծրագիրը իրականացվել է ակտիվ քայլերով, սակայն շինարարության
շարունակումը խոչընդոտվել է բացառապես վարչական և դատական վեճերով, որոնք սկսվել են
2012թ․-ից և դեռևս ավարտված չեն։
• Վեճերի ընթացքում Ընկերությունը բազմիցս դիմել է Երևանի քաղաքապետարան՝
նախագծման և շինարարության թույլտվություն ստանալու համար այդ տարածքում 18 հարկից
մինչև 4 հարկ հյուրանոցային համալիրի կառուցման համար, սակայն ստացել է մերժումներ,այն
դեպքում, երբ անմիջապես ընկերության հարևանությամբ և ընկերության հողամասով շրջափակված
այլ տարածքի համար տրամադրվել է 7 հարկ հյուրանոցի կառուցման շինթույլտվություն: Ներկայումս
մերժումները վիճարկվում են ՀՀ վարչական դատարանում։ Այսպիսով, կառուցապատման միակ խոչընդոտը
եղել են վարչական և դատական գործընթացները, այլ՝ ոչ թե Ընկերության անգործությունը։
Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ «ՍՈԳԼԱՍԻԵ-ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ն հանդիսանում է օտարերկրյա
ներդրող, որը 2001թ․ սեպտեմբերից ի վեր Հայաստանի Հանրապետությունում իրականացրել է
շուրջ 200.000.000 ԱՄՆ դոլարին համարժեք ներդրումներ, այդ թվում՝ «Մանկական աշխարհ»
հանրախանութի շենքի և հարակից տարածքների ծրագրերում։
ՀՀ գլխավոր դատախազության կողմից նախաձեռնված անհիմն պահանջներն
ու գույքի բռնագրավման գործընթացները
• հակասում են «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքին, մասնավորապես
8-րդ հոդվածին:
• հակասում են օտարերկրյա ներդրումների պաշտպանության վերաբերյալ
միջազգային պայմանագրերին, որոնք արգելում են օտարերկրյա ներդրումների անօրինական բռնագրավումը
կամ խոչընդոտումը
• վտանգում են Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների
կատարումը:
«ՍՈԳԼԱՍԻԵ-ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ն ակնկալում է, որ Հանրային հեռուստաընկերությունը
հավատարիմ կլինի հանրայինի իր կոչմանը և հանրությանը կներկայացնի նաև «ՍՈԳԼԱՍԻԵ-ԱՐՄԵՆԻԱ»
ՓԲ ընկերության տեսակետը, ինչպես նաև կընդունի, որ վերը նշված ռեպորտաժում խախտել է
ընկերության արդար դատաքննության իրավունքը: Մասնավորապես՝ չի նշել, որ առաջին ատյանի
դատարանի որոշումը ենթակա է բողոքարկման՝ չնայած այն բանին, որ «ՍՈԳԼԱՍԻԵ-ԱՐՄԵՆԻԱ»
ՓԲ ընկերությունն իր հայտարարությունում նշել
էր, որ այն բողոքարկվելու է վերադաս ատյաններում: