Foto

Քաղցրահամ ջուրը անհետանում է տագնապալի արագությամբ

Արբանյակային դիտարկումներից ստացված տվյալները ցույց են տալիս, որ 2002 թվականից ի վեր քաղցրահամ ջրերի կորուստները աննախադեպ են, որը պայմանավորված է կլիմայի փոփոխությամբ, երաշտներով և ստորգետնյա ջրերի ոչ ռացիոնալ օգտագործմամբ: Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:

«Science Advances» ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը ահազանգում է Հյուսիսային կիսագնդում չորս «մեգա-չոր» շրջանների ի հայտ գալու մասին: Ցամաքային չորային շրջանները ամեն տարի ընդլայնվում են՝ ընդգրկելով Կալիֆոռնիայի տարածքից 2 անգամ մեծ տարածք, ինչը փոխում է հաստատված ջրաբանական օրինաչափությունները:

Քաղցրահամ ջրի սակավության բացասական հետևանքները ապշեցուցիչ են: Աշխարհի բնակչության 75 %-ը ապրում է 101 երկրում, որոնք վերջին 22 տարվա ընթացքում քաղցրահամ ջրի ճգնաժամ են ապրել: Միավորված ազգերի կազմակերպության կանխատեսումների համաձայն՝ աշխարհի բնակչությունը կշարունակի աճել հաջորդ 50-60 տարվա ընթացքում, մինչդեռ քաղցրահամ ջրի հասանելիությունը կտրուկ կնվազի։

​Ուսումնասիրությունը պարզել է, որ շրջադարձային կետը տեղի է ունեցել 2014-2015 թվականներին, որը համարվում է «մեգա Էլ Նինյո» ժամանակաշրջան։ Արդյունքում կլիմայական ծայրահեղ երևույթների կրկնելիությունը աճել է։ Միաժամանակ աճել է ստորգետնյա ջրերի օգտագործումը։

Մայրցամաքների «չորացումը» գերազանցել է սառցադաշտերի հալման տեմպին։ Հյուսիսային կիսագնդի միջին լայնություններում՝ Եվրոպայում, ծայրահեղ երաշտի դեպքերը կտրուկ աճել են։ Բացի այդ, վերջին տասնամյակում Կանադայում և Ռուսաստանում ուժեղացել է ձյան և հավերժական սառույցի հալքը։

Ուսումնասիրությունները պարզել են, որ 2002 թվականից ի վեր միայն արևադարձային շրջաններն են շարունակել խոնավանալ, ինչը չի կանխատեսվել կլիմայի փոփոխության միջկառավարական հարթակի կլիմայական մոդելների կողմից։