Foto

Հեռու չէ այն օրը, երբ ադրբեջանցիները մեզ` հայերիս, կվերագրեն արցախցիների շրջափակումն ու սեպտեմբերյան գործողությունները․ Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանում տեղի ունեցող կեղծ դատավարությունների ժամանակ Հայաստանին է վերագրվում նաև 2016 և 2020 թթ.-ի մարտական գործողությունների նախաձեռնումն ու խաղաղ բնակավայրերի հրետակոծությունը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Հեռու չէ այն օրը, երբ ադրբեջանցիները մեզ` հայերիս, կվերագրեն արցախցիների շրջափակումն ու սեպտեմբերյան գործողությունները, որովհետև մի կողմից Ադրբեջանն իր պետական մեքենան ամբողջովին ծառայեցնում է հայերի դեմ ծավալային գրոհներին, իսկ փաշինյանական իշխանությունը նախընտրում է լռել ու դրանով սպահովել ադրբեջանցիների սահուն առավելությունը:

Արցախի ու Հայաստանի դեմ ռազմական հանցագործություն գործած ահաբեկչական պետությունը` Ադրբեջանը, դիրքավորվում է որպես կառուցողական երկիր, իսկ տարածքային, մարդկային ու դիրքային հսկայական կորուստներ ունեցած հայերիս վերածում է ագրեսորի, հանցագործի ու դա անում է հայաստանյան իշխանությունների լուռ համաձայնության ներքո»,-գրել է Աբրահամյանը։