Foto

Իրանի արտաքին գործերի նախարարը իսլամական երկրներին զգուշացրել է Իսրայելի «դավադրությունների» մասին

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների ԱԳ նախարար շեյխ Աբդուլլահ բեն Զայեդ Ալ Նահայանի հետ։ Նա ընդգծել է Իսրայելի դավադրությունների նկատմամբ իսլամական պետությունների զգոնության անհրաժեշտությունը, հայտնում է Mehr-ը։

Հեռախոսազրույցի ընթացքում Արաղչին հայտարարել է, որ Իսրայելը ձգտում է խաթարել տարածաշրջանի անվտանգությունը և կոչ է արել տարածաշրջանի բոլոր երկրներին՝ զգոն մնալ նման դավադրությունների նկատմամբ։

Արաղչին նաև հայտարարել է, որ Իսրայելը «հակված է պատերազմ հրահրելուն և անօրինականություն գործադրելուն»։

Իրանի և ԱՄԷ-ի բարձրաստիճան դիվանագետները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումները, մասնավորապես՝ Պաղեստինում տիրող իրավիճակը։

Արաղչին և Նահյանը նաև մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների բարելավման ուղիների շուրջ՝ քաղաքական, տնտեսական և առևտրային ոլորտներում։

Նրանք ընդգծել են երկու երկրների ներուժն օգտագործելու անհրաժեշտությունը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ կապերը ընդլայնելու համար։