Foto

Տնտեսագետ լինելով՝ էլեմենտար գիտելիքներ ու էլեմենտար պատկերացումներ չունի իրական հեռանկարների մասին. Նաիրի Սարգսյան

«Սյունիքը Հայաստանի զարգացման դարպասն է դառնալու հետագա զարգացման համար: Եթե մենք կարողանում ենք դարպասները բացենք Սյունիքի, ես նկատի ունեմ 43 կիլոմետրի հնարավորությունները, ուրեմն իսկապես վստահ եղեք, որ ապագան զարգացման առումով շատ մեծ հնարավորություններ է տալու մեզ»,- օրերս Սյունիք այցի ժամանակ նշել է ՀՀ նախագահ, տնտեսագետ Վահագն Խաչատուրյանը՝ չհստակեցնելով, թե այդ հեռանկարը սեփական տնտեսական հաշվարկների արդյո՞ւնքն է, թե՞ Փաշինյանի՝ «խաղաղության օրակարգի»-ի հանդեպ վստահությունը։


Հանրային ու քաղաքական շրջանակներն այս հայտարարությունից հետո, ի դեպ, հիշեցրին, որ նույնական մտքեր ավելի վաղ հնչեցրել էր Բաքվում Թուրքիայի դեսպանը։

«Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը ևս հիշեցրեց՝ «Սյունիքի դարպաս բացել» արտահայտությունը թե՛ հին ժամանակներում, թե՛ այսօր թուրքական կողմի խոսույթի մաս է։


«Այսօր Հայաստանի նախագահն է օգտագործում: Այդ արտահայտությունից հետո արդեն իսկ կարելի է համարել, որ նա Հայաստանի նախագահը չէ, այլ՝ ևս շպիոն է՝ ներդրված Հայաստանի կառավարման համակարգում։


Ինչ վերաբերում է Սյունիքի ճանապարհի բացման հետ կապված տնտեսական հնարավորություններին՝ էս մարդը ոչ միայն Հայաստանի նախագահը չէ, այլ նաև, տնտեսագետ լինելով՝ էլեմենտար գիտելիքներ չունի ու էլեմենտար պատկերացումներ չունի իրական հեռանկարների մասին։


Սյունիքի ճանապարհը չի՛ կարող Հայաստանին տնտեսական օգուտներ բերել․ Սյունիքի ճանապարհն օգուտներ է բերելու թուրքական աշխարհին, Թուրքիային, Ադրբեջանին, այլ պետություններին, այդ թվում՝ արևմտյան պետություններին, բայց ոչ Հայաստանին։ Ընդհակառակը, Հայաստանին տնտեսական հարձակում է սպառնում, այնուհետև տնտեսական կապիտուլյացիա և թուրքական ապրանքներով Հայաստանի շուկայի ողողում։ Թուրքիայի սահմանը կարելի է բացել միայն այն ժամանակ, երբ Հայաստանում տնտեսական ներուժը բերված կլինի պատշաճ վիճակի»,- նշեց տնտեսագետը։

Նաիրի Սարգսյանի համոզմամբ, մինչև սահմանի բացումը Հայաստանը «տնային աշխատանք» ունի կատարելու, օրինակ, գյուղատնտեսական, տեքստիլ, մշակող արդյունաբերությունը բերել այնպիսի անվտանգ վիճակի, որ թուրքական ապրանքները սպառնալիք չհանդիսանան հայկական արտադրանքի նկատմամբ, որ հայկական արտադրանքը շարունակի գոնե տեղական շուկայում լինել մրցունակ։

«Այսօր, երբ հայտարարում են ճանապարհների ապաշրջափակման մասին, պետք է չմոռանալ, որ Թուրքիան միամիտ չի խաղում, միամիտ չի համագործակցում պետությունների հետ․ Թուրքիան, այդ թվում, պայմաններ է առաջ քաշում, որ՝ դուք պետք է չարտադրեք, մենք պետք է արտադրենք և ձեզ վաճառենք, Թուրքիան արգելում է պատրաստի արտադրանքի մատակարարումն իր երկիր՝ բացառապես հումքն է ներկրում»,- հավելեց նա։

Նաիրի Սարգսյանը նկատեց՝ նույնիսկ թուրքական արտադրանքի դեմ մաքսատուրքերով պահպանման դեպքում Թուրքիան կրկին ճանապարհների փակում է իրականացնելու, այդ թվում՝ ռազմական լուծումներ են փնտրելու տնտեսական պատերազմն ավարտին հասցնելու համար։ Հետևաբար, ըստ նրա, Հայաստանի Հանրապետությունը պետք է իր արտադրանքի պաշտպանվածությունը ապահովի, նոր կարողանա խոսել ճանապարհների ապաշրջափակման մասին։

Հարցին, թե մինչև «տնային աշխատանքն» այսօր ՀՀ տնտեսությունում ինչպիսի՞ միտումներ են, տնտեսագետը պատասխանեց․ «Արդյունաբերությունը մոտ 16 տոկոս անկման մեջ է շարունակաբար՝ մի քանի ամիս արդեն, մշակող արդյունաբերությունը նույնիսկ 30 տոկոս անկում է ապրել վերջին 6 ամիսներին։

Ու միայն այս թվերը հայտարարելով, արդեն ակնհայտ է, որ տնտեսությունը շարունակում է մնալ «ծանր անկայուն» վիճակում, այսինքն՝ անընդհատ բացասական միտումով»։

Աղբյուրը՝ 168.am