Foto

Աննախադեպ շոգի ալիք է մոլեգնում Հյուսիսային Եվրոպայի երկրներում

Հյուսիսային ցուրտ երկրները տուժում են «իսկապես աննախադեպ» շոգից, քանի որ ածխածնային աղտոտվածությամբ պայմանավորված շոգ եղանակը շարունակում է այրել Հյուսիսային Եվրոպան, հաղորդում է The Guardian-ը։

Նորվեգայի արկտիկական հատվածում գտնվող օդերևութաբանական կայանը հուլիսին 13 օր շարունակ գրանցել է 30 աստիճանից բարձր ջերմաստիճան, իսկ Ֆինլանդիայում երեք շաբաթ շարունակ եղել է 30 աստիճան շոգ։

Գիտնականները նշում են, որ սա 1961 թվականից ի վեր գրանցված ամենաերկար շարքն է և 50%-ով ավելի երկար, քան նախորդ ռեկորդը։

«Իսկապես աննախադեպ շոգը դեռ շարունակվում է, այսօր դրա առավելագույնը կազմում է մոտ 32-33 աստիճան ցելսիուս, – ասել է Ֆինլանդիայի օդերևութաբանական ինստիտուտի կլիմայագետ Միկա Ռանտանենը։ – Նույնիսկ արկտիկական շրջաններում... օդի ջերմաստիճանը երեք շաբաթ շարունակ գերազանցել է 25 աստիճան ցելսիուսը և վաղը այն կարող է գերազանցել օգոստոսյան ռեկորդները»։

Նորվեգիայի օդերևութաբանական ինստիտուտը հայտնել է, որ Նորվեգիայի երեք ամենահյուսիսային շրջաններում գտնվող առնվազն մեկ կայանում հուլիսին 12 օր շարունակ 30 աստիճանից բարձր ջերմաստիճան է գրացվել։

Չնայած նրան, որ անցյալ շաբաթ երկրում մի փոքր դադար է եղել և շոգ եղանակը տեղափոխվել է հյուսիս և արևելք, ինստիտուտը հայտարարել է, որ ակնկալում է, որ հանգստյան օրերին ջերմաստիճանը կարող է նորից բարձրանալ՝ հասնելով 30 աստիճանի։

Շվեդիայում օդերևութաբանները երկրի հյուսիսում գտնվող մի քանի կայաններում գրանցել են երկարատև ջերմային ալիքներ, որոնց ընթացքում Հապարանդայում ջերմաստիճանը հասել է 25 աստիճանի կամ ավելիի, ինչը տևել է մոտ 14 օր: Լապլանդիայի Յոկմոկ քաղաքում ջերմային ալիքները տևել են 15 օր: