Foto

Կառավարությունն աջակցում է վարչապետ Փաշինյանի ընկերոջ ներդրումային ծրագրին. Hetq.am

Hetq.am–ը գրում է. «Հուլիսի 31-ին Կառավարությունը չզեկուցվող կարգով ընդունել է մի որոշում, որով հավանություն է տվել «Իջեւանյան բեկոն» ՍՊԸ-ի ներդրումային ծրագրին եւ համաձայնել է, որ Արմավիր համայնքն առանց աճուրդի, ուղղակի վաճառքով ընկերությանն օտարի Մայիսյան գյուղում գտնվող երկու հողակտոր, իսկ մեկն էլ առանց մրցույթի տա երկարաժամկետ վարձակալության:

Թվում է, թե գործադիրի սովորական որոշումներից է, ինչպիսիք Կառավարությունը կայացնում է պարբերաբար, սակայն հարցն այն է, որ «Իջեւանյան բեկոն» ընկերության հիմնական փայատերը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընկերն է:

Ի՞նչ ծրագիր է իրականացվելու Մայիսյան գյուղում

«Իջեւանյան բեկոն» ՍՊԸ-ն պատրաստվում է Արմավիր խոշորացված համայնքի Մայիսյան գյուղում խոզաբուծարան հիմնել: Ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքը գնահատվել է շուրջ 2 մլրդ դրամ: Ընկերությունը նախատեսում է 110 կգ կենդանի քաշով խոզեր բուծել (հավանական տարբերակներն են լանդրաս, պետրեն եւ դյուրոկ ցեղատեսակները): Ամբողջ հզորությամբ աշխատելու դեպքում խոզաբուծարանը տարեկան պետք է արտադրի 2280 տոննա կենդանի քաշով խոզի միս: Նախատեսվում է բացել 49 նոր աշխատատեղ:

Ըստ ծրագրի նկարագրի՝ այս տարվա հունիսի 30-ի դրությամբ արդեն իսկ 863 մլն դրամի ներդրում է կատարվել, մասնավորապես՝ Մայիսյան գյուղում 2 հողակտոր է ձեռք բերվել, շինանյութ եւ խոզաբուծարանի սարքավորումներ են գնվել, շինաշխատանքներ են կատարվել, հորատանցք է հորատվել, թույլտվություններ են ստացվել, փորձաքննություններ են կատարվել: Այս հողամասերի վրա ընկերությունը նախատեսում է կատարել եւս 799 մլն դրամի ներդրում (կերի արտադրամասի սարքավորումների եւ բունկերների, մեքենաների, խոզաբուծարանի սարքավորումների, խոզերի մայրական կազմի ձեռքբերում, շինաշխատանքներ):

2023-ի հոկտեմբերին «Իջեւանյան բեկոնը» պայմանագիր է կնքել ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցություն տրամադրելու փորձնական ծրագրի շրջանակներում:

Հիմա ՍՊԸ-ն պատրաստվում է եւս 3 հողակտոր ձեռք բերել, երկուսը՝ ուղղակի վաճառքով, մեկը՝ առանց մրցույթի վարձակալությամբ: Սրանց վրա նախատեսվում է կատարել 430 մլն դրամի ներդրում:

Հողային օրենսգիրքը սահմանում է այն պայմանները, որոնց պարագայում պետությունը կամ համայնքը կարող են ուղղակի վաճառքով հող օտարել ՀՀ քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց: Դրանցից մեկը Կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագիրն է: Այս հարցում, ինչպես տեսնում ենք, «Իջեւանյան բեկոնի» առաջ կանաչ լույս է վառվել: Ըստ նույն օրենսգրքի՝ եթե օտարվողը համայնքային հող է, ապա անհրաժեշտ է գործադիրի համաձայնությունը, ինչը նշված ՍՊԸ-ն եւս ստացել է:

Ովքե՞ր են «Իջեւանյան բեկոնի» տերերը

«Իջեւանյան բեկոն» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2019-ի մարտին Իջեւան քաղաքում: Այս տարվա հունիսին հասցեն տեղափոխվել է Երեւանի Արաբկիր վարչական շրջան: Հիմնադիրն Ուկրաինայի քաղաքացի Ֆրունզե Թելմանի Ղազարյանն է: 2023-ի օգոստոսին նրան է միացել Սանասար Կույումչյանը, որը եւս Ուկրաինայի քաղաքացի է: Գործընկերները ՍՊԸ-ում ունեցել են 50-ական %: Սակայն այս տարվա մայիսին կրկին փոփոխություն է եղել. Ղազարյանը դարձել է 67 %-ի փայատեր, իսկ Կույումչյանին մնացել է 33 %-ը:

2019-2023 թթ. ընկերության տնօրենը եղել է իջեւանցի Լեւոն Սարգսյանը, որին փոխարինել է համաքաղաքացի Արգամ Ավետիսյանը:

Ֆրունզե Ղազարյան

Իջեւանցի է նաեւ Ֆրունզե Ղազարյանը, որի մասին «Հետքը» նախկինում տարբեր առիթներով գրել է:

Այսպես՝ 2012-ի մայիսին Իջեւանում բացվել ու օծվել էր քաղաքի երկրորդ եկեղեցին՝ Ս. Ամենափրկիչը: Այն պատահական տեղ չէր կառուցվել. Ասլանյան-Բլբուլյան փողոցների խաչմերուկում 19-րդ դարի եկեղեցի կար, որը խորհրդային տարիներին ավերակ էր դարձել: Եկեղեցու անունով Իջեւանի այդ թաղամասը կոչվել է «Ժամի թաղ»: Նիկոլ Փաշինյանն ու եղբայրներ Ֆրունզե, Անդրանիկ եւ Պետրոս Ղազարյանները, ըստ մամուլի, հենց այս թաղից են: Ուկրաինայում հաստատված գործարար Ղազարյանները, ի հիշատակ իրենց հոր՝ Թելման Ղազարյանի, հովանավորել էին նոր եկեղեցու կառուցումն իրենց թաղում:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի «քայլող» արձանը, որը նախկինում տեղադրված էր Երեւան-Իջեւան մայրուղու վրա, բայց մի քանի անգամ հարձակման էր ենթարկվել ու կոտրվել, տարիներ առաջ տեղափոխվել է Իջեւանի «Ժամի թաղ»՝ եկեղեցու անմիջական հարեւանությամբ, բայց այստեղ էլ հարձակումներից զերծ չի մնացել:

Ղազարյանների գերդաստանը հայտնի է ոչ միայն ուկրաինական Չերկասի քաղաքում, այլեւ ամբողջ Չերկասիի մարզում: Նրանցից Անդրանիկ Ղազարյանը ՀՀ պատվավոր հյուպատոսն է Չերկասիում: Վերջինս նաեւ TIME (նախկինում՝ «Նադիա») ընկերությունների խմբի նախագահն է: Այս խմբի ընկերություններում են աշխատում Ղազարյանները: Խումբը ներառում է ընկերություններ ամենատարբեր ոլորտներից՝ շինարարություն եւ անշարժ գույք, առեւտուր, սննդի արդյունաբերություն, թռչնաբուծություն, խոզաբուծություն, այգեգործություն, բուսաբուծություն: Հատկապես հայտնի է «Նադիա» շինարարական ընկերությունը, որն առաջատար կառուցապատող է Չերկասիի մարզում:

Ըստ պաշտոնական կայքի՝ TIME խմբի պատմությունն սկսվում է 2005-ից, երբ հիմնադրվել է առաջին ընկերությունը` խոզաբուծական «Զոլոտոնոշսկի Բեկոն» ՍՊԸ-ն (ТОВ “Золотоніський Бекон”): Վերջինիս անունը ծագում է Չերկասիի մարզի Զոլոտոնոշա քաղաքից եւ համանուն շրջանից: Ներկայում ընկերության 50 %-ը պատկանում է Ֆրունզե Ղազարյանին, 25-ական % էլ ունեն Յուրի եւ Ռադիսլավ Տկաչենկո եղբայրները: Վերջիններս Ղազարյանների բիզնես գործընկերներն են TIME խմբում: Ընդ որում՝ Յուրի Տկաչենկոն 2014-2018 թթ. Չերկասիի մարզի ղեկավարն էր: 

Ղազարյանները պարբերաբար ներդրումներ են կատարել նաեւ Իջեւանում: 2014-ին նրանց ֆինանսավորմամբ Տավուշի մարզկենտրոնում բացվել էր մանկական խաղահրապարակ: Իջեւանի այն ժամանակվա քաղաքապետ Վարդան Ղալումյանը հայտնել էր, որ Ղազարյանների ֆինանսավորմամբ վերանորոգվել են նաեւ քաղաքային զբոսայգու լուսավորության ցանցը, Երեւանյան փողոցի բազրիքները, Ասլանյան փողոցի մայթերը: Իջեւանի ավագանին պատվավոր իջեւանցու կոչում էր շնորհել Ֆրունզե Ղազարյանին, դրանից մեկ տարի առաջ էլ նույն պարգեւին արժանացել էր Անդրանիկ Ղազարյանը:

2018-ի քաղաքական փոփոխություններից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունը նախաձեռնել էր համաժողովների շարք, որոնցից «Իմ քայլը հանուն Տավուշի» ներդրումային համաժողովը կայացել էր 2018 թ. սեպտեմբերին Իջեւանում: Դրան մասնակցել էր նաեւ Անդրանիկ Ղազարյանը:

Վերջինս այնուհետ Չերկասի էր հրավիրել Տավուշի այն ժամանակվա մարզպետ (ներկայում՝ իշխանական պատգամավոր) Վահե Ղալումյանին՝ իր տնտեսությանը ծանոթացնելու (խոսքը վերեւում հիշատակված «Զոլոտոնոշսկի Բեկոն» ՍՊԸ-ի մասին է) եւ Հայաստանում ծրագրեր սկսելու համար որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերելու համար (ընդգծենք, որ 2021-ից Տավուշի մարզպետը Վ. Ղալումյանի ավագ եղբայրն է՝ Հայկ Ղալումյանը, որը նաեւ Նիկոլ Փաշինյանի քավորն է): Ա. Ղազարյանը մտադրություն էր հայտնել Տավուշում հիմնել ժամանակակից խոզաբուծական տնտեսություն՝ 630 մայր խոզի համար: Մայր տնտեսությանը կից պետք է հիմնադրվեին փոքրիկ ֆերմերային տնտեսություններ, որոնք ապահովվելու էին մայր խոզերով, կերով: Պահելուց, աճեցնելուց հետո փոքր տնտեսությունները հետ էին վերադարձնելու միայն կերի գումարը, իսկ եկամուտն ամբողջովին մնալու էր իրենց:

Տավուշի մարզպետարանի տեղեկացմամբ՝ բոլոր պայմանավորվածությունները գրանցվել էին հուշագրում, որը ստորագրել էին մարզպետ Վահե Ղալումյանն ու «Զոլոտոնոշսկի Բեկոն» ընկերությունը՝ ի դեմս Անդրանիկ Ղազարյանի: Վ. Ղալումյանն Ուկրաինայում հանդիպել էր նաեւ Չերկասիի մարզի ղեկավար, Ղազարյանների գործընկեր Յուրի Տկաչենկոյին, քննարկել համագործակցության հարցեր:

Մամուլում առկա տեղեկությունների համաձայն՝ Անդրանիկ Ղազարյանը բավականին էժան գնով՝ 120.000 դոլարով, (դրանում, ըստ լուրերի, կարեւոր դեր է խաղացել Ն. Փաշինյանի հետ մտերիմ լինելը) ձեռք է բերել Տավուշի մարզկենտրոնում խորհրդային տարիներին կառուցված «Իջեւան» 9-հարկանի հյուրանոցն ու 2021-ին վերածել բնակելի շենքի, ապա հայտարարել, որ կառուցապատված բնակարանները գնի (քմ-ն՝ 650 դոլարին համաժեք դրամ) 30 տոկոս զեղչով առաջարկում է Ուկրաինայի հայերին։

2020-ի ամռանն էլ Նիկոլ Փաշինյանի եղբորորդին՝ ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը, հայտարարել էր, որ արտերկրում բնակվող գործարար Անդրանիկ Ղազարյանի հետ քննարկումների արդյունքում որոշել են նրա աջակցությամբ վերականգնել Իջեւանի բոլոր հին, փայտե կանգառները:

Գրել ենք, որ Սիփան Փաշինյանը 2022-ին փայտամշակման համատեղ բիզնես էր սկսել Ղազարյան եղբայրներից Պետրոսի որդիների հետ:

Փաշինյանի նախկին պատգամավոր եղբորորդին Ուկրաինայում «փայտի բիզնես» է սկսել

Չնայած 2023-ին Ս. Փաշինյանը դուրս է եկել այս բիզնեսից, մինչ այդ հասցրել էր գրանցվել որպես ֆիզիկական անձ-ձեռնարկատեր ու ավտոմեքենաների տեխսպասարկման եւ նորոգման ինքնուրույն բիզնես սկսել ու անշարժ գույք գնել:

Փաշինյանի եղբորորդին նոր բիզնես է սկսել Ուկրաինայում եւ անշարժ գույք ձեռք բերել

Ինչպես գրել ենք, Սիփան Փաշինյանը Ուկրաինայում իր գործունեության ընթացքում գրանցվել է Չերկասի քաղաքի այն բազմաբնակարան շենքերում, որոնք կառուցել է Ղազարյանների «Նադիա» ընկերությունը:

Չնայած վարչապետի եղբորորդին այդ բնակելի շենքերում սեփականություն չունի, նա 3 միավոր անշարժ գույք է ձեռք բերել (1 հատ կայանատեղ եւ 2 հատ ոչ բնակելի տարածք) Ղազարյանների կողմից Չերկասիում կառուցվող ավտոկայանատեղի շենքում:

Սանասար Կույումչյան

«Իջեւանյան բեկոն» ՍՊԸ-ի 33 %-ի փայատեր Սանասար Երվանդի Կույումչյանն էլ Վանաձորից է, սակայն ներկայում ապրում է Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզում: Նա եւս զբաղվում է խոզաբուծությամբ (բիզնեսի համասեփականատերը որդին է՝ Մհեր Կույումչյանը): Կույումչյանների «Սիգմա» ընկերությունը ստեղծվել է 2001 թ., գրանցված է Դնեպրոպետրովսկի մարզի Ստեպովե գյուղում, որտեղ հաշվառված են նաեւ հիմնադիրները:

Ս. Կույումչյանը նաեւ Ուկրաինայի «Ռեֆորմներ եւ կարգուկանոն» կուսակցության անդամ է եղել, որը 2013-ին միաձուլվել է Յուլիա Տիմոշենկոյի գլխավորած «Բատկիվշչինա» կուսակցությանը:

Այսպիսով՝ Ուկրաինայում խոզաբուծությամբ զբաղվող Ղազարյաններն ու Կույումչյանները նոր ձեռնարկ են սկսում Արմավիրի մարզի Մայիսյան գյուղում՝ ունենալով Ղազարյանների ընկեր Նիկոլ Փաշինյանի կառավարության աջակցությունը առանց մրցակցության 15,2 հա հողերի ձեռքբերման հարցում։